Մեծ Բրիտանիայի բնակիչը պատրաստվում է գնել աղբավայրը՝ Bitcoin-ները գտնելու համար

2 Min Read

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջեյմս Հաուելսը, ով 2013 թվականին պատահաբար դեն էր նետել կոշտ սկավառակ (HDD), որի վրա պահված էր 7500 բիթքոյն, մտադիր է գնել Նյուպորտ քաղաքի ամբողջ աղբավայրը։ Արդեն ավելի քան 10 տարի Հաուելսը փորձում է տեղական իշխանություններից թույլտվություն ստանալ՝ որոնելու կորած կոշտ սկավառակը, սակայն քաղաքապետարանը շարունակ մերժում է նրան։

Այժմ Ջեյմսի համար սա վերջին հնարավորությունն է, քանի որ 2025–2026 թթ. ընթացքում աղբավայրը պետք է փակվի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաուելսը դատարանի միջոցով փորձել է հասնել թույլտվության, սակայն գործը պարտվել է։ Նույնիսկ այն փաստը, որ նա առաջարկել էր կիսել գտնված բիթքոյնների շահույթը (որը կարող է հասնել միլիոնավոր ԱՄՆ դոլարների), չհետաքրքրեց իշխանություններին։

Հաուելսը նշել է.

«Խորհուրդը դատարանում պնդում էր, թե աղբավայրը փակելը, որպեսզի ես սկսեմ որոնումները, վնաս կհասցնի Նյուպորտի բնակիչներին, այն դեպքում երբ իրենք արդեն իսկ պլանավորել էին դրա փակումը»։

Ներկայումս իշխանությունները պատրաստվում են աղբավայրի տարածքում կառուցել արևային էլեկտրակայան։ Հաուելսն ասում է, որ պատրաստ է գնել աղբավայրը, քանի որ դա վերջին հնարավորությունն է գտնելու կրիպտոարժույթներով լի կոշտ սկավառակը։

«Եթե Նյուպորտի քաղաքային խորհուրդը ցանկանա, ես հետաքրքրված եմ աղբավայրի գնմամբ։ Այս տարբերակը արդեն քննարկել եմ ներդրումային գործընկերներիս հետ, և դա լիովին իրագործելի է», — նշել է Հաուելսը։

Հիշեցնենք, որ տվյալ սկավառակի կորուստը տեղի էր ունեցել 2013 թվականի ամռանը։ Համակարգչի արդիականացումից հետո մաքրություն անելիս Ջեյմսը պատահաբար դրել էր սկավառակը սև տոպրակի մեջ, որը, կամ ինքն էր դեն նետել, կամ էլ ընկերուհին էր սխալմամբ նետել՝ այն համարելով աղբ։ Շուտով Հաուելսը հասկացել էր սխալը և այդ պահից սկսած՝ փորձում է հետ գտնել սկավառակը։

Նշենք, որ նրա խոսքով՝ սկավառակի վրա պահված է շուրջ 7500 բիթքոյն, որը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 750 միլիոն դոլար։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով