2024 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքի բյուջեի եկամուտները կազմել են 5.17 տրիլիոն ռուբլի, իսկ ծախսերը՝ ավելի քան 5.19 տրիլիոն ռուբլի։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Մոսկվայի ֆինանսների դեպարտամենտի ղեկավար Ելենա Զյաբբարովան՝ նշելով, որ բյուջեի կատարման ընթացքում ապահովվել է դրա ցուցանիշների հավասարակշռությունը։
«Քաղաքի բյուջեի փաստացի եկամուտները 2024 թվականին ավելի քան 18 տոկոսով գերազանցել են բյուջեի մասին օրենքով հաստատված ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի գանձարան մուտք է գործել 5 տրիլիոն 170 միլիարդ ռուբլի։ Ծախսերը կազմել են ավելի քան 5 տրիլիոն 193 միլիարդ ռուբլի։ Բյուջեն կատարվել է մոտ 23 միլիարդ ռուբլի դեֆիցիտով կամ քաղաքի համախառն եկամուտների ընդամենը 0.4 տոկոսով։ Այսքան ցածր ցուցանիշը վկայում է Մոսկվայի ֆինանսների կայունության և քաղաքի՝ ինչպես սոցիալական, այնպես էլ ներդրումային պարտավորությունները լիարժեք ֆինանսավորելու ներքին ռեսուրսների առկայության մասին», — նշել է Զյաբբարովան։
Նա հավելել է, որ 2023 թվականի համեմատ բյուջեի եկամուտներն աճել են 23 տոկոսով։
«Սա մայրաքաղաքի տնտեսության հետևողական զարգացման արդյունք է, որի աճը՝ նախնական տվյալներով, 2024 թվականին կկազմի առնվազն 4 տոկոս», — ընդգծել է ոլորտային դեպարտամենտի ղեկավարը։
Ինչպես նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում, Մոսկվայի բյուջետային ծախսերն աճել են 18 տոկոսով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում