ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի կողմ թողնենք ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման օրինականությունը, շարժառիթները, խոսույթը, հիմնավորումները, ձևերն ու եղանակները՝ դա իրենց ներքին գործն է։
Դիտարկենք գործընթացը մեկ այլ տեսանկյունից։
Նոր մաքսատուրքերից «ցնցվել» են հիմնականում տնտեսագետի դիպլոմ ձեռք բերած, ուղիղ գծային ու «քառակուսի» մտածողները, զոմբի ֆինանսիստները, էկոնոմետրիստները և ուլտրագլոբալիստ մոնետարիստները։ Որոշ հարգարժան տնտեսագետներ ավելի շատ «նեղվել» են ոչ թե բուն նպատակից, այլ դրան հասնելու ձևից, հիմնավորումներից, եղանակներից և անսպասելիությունից, նաև՝ գլոբալ արժեշղթաներում, ֆինանսական շուկայում և ֆոնդային բորսաներում որոշակի անկայունության հեռանկարից։ Անշուշտ՝ միջազգային առևտրում ազատ մրցակցությունը շատ ավելի արդյունավետ է, քան պրոտեկցիոնիզմը, բայց պետք չէ մոռացության տալ այն իրողությունը, որ այդ նույն ազատ մրցակցության ապահովման անվան տակ և քաղաքական նպատակներով ԱՄՆ-ը և Եվրամիությունը տասնյակ տարիներ արհեստականորեն սնել և աճեցրել են բազմաթիվ «պղպջակ տնտեսություններ» (հատկապես ասիական մայրցամաքում), որոնք ի վերջո սկսել են վնասել առաջին հերթին հենց ԱՄՆ և Եվրամիության տնտեսությանը, և ոչ միայն…
Զավեշտալին այն է, որ նմանատիպ «քառակուսի» «մասնագետները» երբեք չեն «ցնցվել», կամ ըմբոստացել տնտեսագիտական որևէ հիմնավորում չունեցող բազմաթիվ հարկատեսակների գոյության ու կիրառման, և առանձնապես՝ անցյալ դարի 70-ականներին ֆրանսիացի մի հաշվապահի կողմից հորինված, համաշխարհային տնտեսության ու գործարարության համար պատուհաս դարձած, բազմաթիվ զարգացող երկրների տնտեսությունները բառիս բուն իմաստով քայքայող ու կեղեքող «Ավելացված արժեքի հարկ» կոչվող անհիմն ու անիմաստ թյուրիմացության գոյությունից։ Տպավորություն է, որ այս անտրամաբանական հարկատեսակն ընկալվում է, որպես ի սկզբանե տրված, կամ Աստծո պարգև՝ անառարկելի և անձեռնմխելի»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում