«Ապագայի փողն ու դրա տնտեսական ազդեցությունը»․ 3-րդ Doing Digital ֆորումը 20 խոսնակ, ավելի քան 1000 մասնակից է ունեցել.(տեսանյութ, լուսանկարներ)

3 Min Read

Երևանում կայացավ թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum 2025-ը, որն  անցկացվեց երրորդ տարին անընդմեջ։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: Ֆորումը, որը կրում էր «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, համախմբել էր պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին ու կազմակերպություններին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ֆորումի բացման իր ելույթում անդրադարձավ փողի էվոլյուցիային` բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչև թղթադրամ և կրիպտոարժույթ:

Նա շեշտեց, որ վստահության և արժանահավատության հարցն առավել հրատապ է դառնում թվային արժույթների տարածմանը զուգընթաց: «Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել: Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձևավորող միավոր և կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց»,-ասաց նա:

Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարի աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն էր, ով դասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, և նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Երևանում նա հանդես եկավ «Յոթ կանխատեսում․ աշխարհը՝ մինչ 2030 թվականը» ելույթով՝ անդրադառնալով ապագայի փողին, բանկային ու ֆինանսական համակարգին։ Նա խոսեց նոր տեխնոլոգիաների, վճարումների, թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերությունների, ինչպես նաև ապագայի աշխատաշուկայի մասին։

Բացման ելույթում Doing Digital ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ասաց.

«Մենք ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում․ ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակներում։ Այս զարգացումներն ու ապագայի փողի շրջանառության նոր մոդելները վերափոխում են սոցիալական և տնտեսական իրականությունը, և վարքագծային կտրուկ փոփոխություններ պահանջում, որին առանց ռազմավարական հաղորդակցության հասնելն ուղղակի անհնար է։  Այս պայմաններում, առավել քան երբևէ, կարևորվում է գաղափարակիր առաջնորդների դերը, ովքեր խրախուսում են նորարարական մշակույթն ու իրենց թիմերին պատրաստում մեծ փոփոխություններին, որպեսզի նրանք ավելի համարձակ լինեն փորձարկելու, մարտահրավեր նետելու և կիրառելու նոր տեխնոլոգիաները»։

Գաղափարակիր ելույթների ու պանելային քննարկումների առանցքում թվային արժույթների, արհեստական բանականության (AI), թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումներն էին, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կատարվեց փողի պատմությանը՝ բարտերից մինչև կրիպտո, թվային արժույթների կարգավորման դաշտի առանձնահատկություններին, առկա կիբերանվտանգության խնդիրներին ու դրանց հաղթահարման մեխանիզմներին:

Մանրամասն՝ տեսանյութում:


***
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան  
60 նշանավոր խոսնակի եւ 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով