Ըստ տարբեր լրատվական աղբյուրների՝ Ֆրանսիայում բազմաթիվ ընկերություններ են փակվում: Մասնավորապես, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում սննկացած ընկերությունների թվաքանակը կազմել է 9 հազար, որը համարվում է ռեկորդ, քանի որ արդեն 25 տարի է՝ նման երևույթ չի դիտվել:
Ֆրանսիան աշխարհի հզոր պետություններից մեկն է և Հայաստանի լավ բարեկամը: Երկրում ծագած տնտեսական դժվարությունները միայն զուտ ներքին քաղաքականությունից չեն գալիս. նկատվում է նաև աշխարհաքաղաքական լարված իրավիճակի գործոնը: Այն դեպքում, երբ կյանքը դժվարացել է Ֆրանսիայում, որը Եվրամիության տնտեսության առաջատարներից մեկն է, պատկերացրեք՝ ինչ ցավալի զարգացումներ են սպասվում մյուս երկրներում: Ռուս-ուկրաինական ավերիչ պատերազմը շարունակվելու դեպքում հանգեցնելու է տնտեսությունների անկմանը և ավելին, միջուկային սցենարի իրագործմանը:
Վերադառնալով ֆրանսիական տնտեսությանը՝ ուսումնասիրենք երկրում գործարար ակտիվության համաթվի դինամիկան 2022 թ․-ի փետրվար-սեպտեմբեր ժամանակահատվածում.
Գծապատկեր 1․ Գործարար ակտիվության ընդհանուր համաթիվը Ֆրանսիայում՝ 2022 թ․-ի փետրվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ
Նկատենք, որ գործարար ակտիվության համաթիվը տատանվում է 0-100 բալ միջակայքում, եթե փաստացի ցուցանիշը ցածր է 50 բալից, ապա գործարարների մոտ բացասական տրամադրվածություններ կան, թե 50 բալ է՝ գործարարների տրամադրությունների փոփոխություն չի դիտվել, եթե բարձր է 50 բալից, ապա գործարարները դրականորեն են տրամադրված և պատրաստ են ընդլայնել գործունեությունը:
Ինչպես նկատում ենք Գծապատկեր 1-ից, իրավիճակն այդքան էլ օրհասական չէ: Մասնվորապես, 2022 թ․-ի սեպտեմբերին ցուցանիշը կազմել է 51.2 բալ, որը բարձր է 50-ից:
Դիտարկենք գործարար ակտիվությունը արդյունաբերության ոլորտում.
Գծապատկեր 2․ Գործարար ակտիվության համաթիվը Ֆրանսիայի արդյունաբերության ոլորտի մասով՝ 2022 թ․-ի փետրվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ
Այստեղ ակնհայտ է անկման միտումը: Այն պարագայում, երբ գործարար ակտիվությունն արդյունաբերության ոլորտում 2022 թ․-ի փետրվարին կազմում էր 57.2 բալ, 2022 թ․-ի սեպտեմբերին արդեն ունենք 47.7 բալ մակարդակը, որը ցույց է տալիս ընկերությունների ոչ դրական տրամադրվածությունները:
Իրավիճակը փրկում է գործարար ակտիվության մթնոլորտը ծառայությունների ոլորտում.
Գծապատկեր 3․ Գործարար ակտիվության համաթիվը Ֆրանսիայի ծառայությունների ոլորտի մասով՝ 2022 թ․-ի փետրվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ
Այստեղ նկատում ենք դրական դինամիկա: 2022 թ․-ի սեպտեմբերին ծառայությունների ոլորտում գործարար ակտիվությունը կազմել է 52.9 բալ, որը բարձր է 50 բալ մակարդակից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում