Ամբողջ աշխարհում երկրները սպառնում են սկսել առևտրային պատերազմ ԱՄՆ-ի դեմ, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած լայնածավալ մաքսատուրքերը բարձրացրել են գլոբալ տնտեսական անկման և ապրանքների կտրուկ թանկացման վտանգը աշխարհի ամենախոշոր սպառողական շուկայում։
Թրամփի չորեքշաբթի հայտարարած պատժամիջոցները հանգեցրել են աշխարհի ֆինանսական շուկաների անկմանը և բազմաթիվ երկրների ղեկավարների քննադատությանը, որոնք բախվել են առևտրի ազատականացման դարաշրջանի ավարտի հետ։
Ճապոնիայում, որը ԱՄՆ-ի առաջատար առևտրային գործընկերներից է, վարչապետ Շիգերու Իսիբան հայտարարել է, որ մաքսատուրքերը ստեղծել են “ազգային ճգնաժամ”։ Ուրբաթ օրը ճապոնական բանկային բաժնետոմսերի անկումը Տոկիոյի ֆոնդային շուկան ուղղորդել է դեպի վերջին տարիների վատթարագույն շաբաթը։
JP Morgan ներդրումային բանկի գնահատմամբ՝ այժմ գլոբալ տնտեսության ռեցեսիայի հավանականությունը 60% է, մինչդեռ նախկինում այն 40% էր։
Սակայն Սպիտակ տնից հակասական հայտարարություններ են հնչում մաքսատուրքերի մշտական կամ մարտավարական լինելու վերաբերյալ։ Թրամփը հայտարարել է, որ դրանք «մեզ մեծ ուժ են տալիս բանակցությունների ժամանակ»։
Նոր մաքսատուրքերը կդառնան ԱՄՆ-ի ամենաբարձր առևտրային սահմանափակումները վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում՝ 10%-անոց հիմնական մաքսատուրքը բոլոր ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև ավելի բարձր թիրախային մաքսատուրքեր՝ տասնյակ երկրների համար։
Սա կարող է կտրուկ բարձրացնել գները ԱՄՆ սպառողների համար՝ սկսած կանաբիսից և մարզական կոշիկներից, մինչև Apple-ի iPhone։ Rosenblatt Securities-ի կանխատեսմամբ, բարձրակարգ iPhone-ի գինը կարող է հասնել մոտ $2,300, եթե Apple-ը լրիվությամբ փոխանցի մաքսատուրքերի բեռը սպառողներին։
Բիզնեսները փորձում են արագ հարմարվել։ Stellantis ավտոմոբիլային ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես կրճատում է աշխատատեղերը ԱՄՆ-ում և փակելու է գործարաններ Կանադայում և Մեքսիկայում։ General Motors-ը (GM) հայտարարել է, որ ավելացնելու է արտադրությունը ԱՄՆ-ում։
Կանադայի վարչապետ Մարկ Կարնին քննադատել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ երկիրը լքել է իր պատմական դերը որպես միջազգային տնտեսական համագործակցության ջատագով։
«Համաշխարհային տնտեսությունը էականորեն փոխվել է։ Այն այլևս նույնը չէ, ինչ երեկ», – հայտարարել է Կարնին՝ ներկայացնելով մի շարք պատասխանային միջոցներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում