Մարտի 8-ապրիլի 7. սիրված ու սպասված տոնական շրջան, որը դժվար է պատկերացնել առանց ծաղիկների, թեև մարտի 8-ին դրանք ունեին անհավանական գներ։ Հենց այդ պատճառով էլ շատերը նախընտրեցին ծաղիկներ գնել կանանց միամսյակի ընթացքում, ոչ թե բուն տոն օրերին։
Կարիք կա ուսումնասիրել, թե ինչով է պայմանավորված գների նման կայծակնային աճը։ Միգուցե շուկայում ծաղիկների նկատմամբ պահանջարկն այնքան մեծ է, որ առաջարկը չի բավարարում։
Այս հարցը դիտարկելիս նախ պետք է ուսումնասիրել ծաղիկների ներքին «արտադրությունը»․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ Հայաստանում ծաղիկներին հատկացվել է 235 հա տարածք, որը 2023թ․ համեմատ աճել է 26%-ով։ Ընդ որում՝ 235 հեկտարից 229 հեկտարը պատկանում է ջերմատներին և ջերմոցներին։
2024թ․ հավաքվել է 154 մլն հատ ծաղիկ, որից մոտ 140 մլն-ը` ջերմատներից և ջերմոցներից։ Հանրապետությունում 2024թ․ 2023թ․ համեմատ հավաքվել է 46%-ով ավելի շատ ծաղիկ։
Ծաղկի համար նախատեսված տարածքի մեծությամբ առաջատարներն են՝
- Արարատի մարզը՝ 120 հա,
- Արմավիրի մարզը՝ 60 հա,
- Կոտայքի մարզը՝ 30 հա։
Արարատի մարզում 2024թ․ 2023թ․ համեմատ ծաղկին հատկացված տարածքի մակերեսն աճել է 18%-ով, Արմավիրում՝ 28%-ով, իսկ Կոտայքում՝ 36%-ով։
Մյուս կողմից, հավաքված ծաղիկների թվաքանակով 2024թ․ առաջատարներն են՝
- Արարատի մարզը՝ 62 մլն հատ,
- Կոտայքի մարզը՝ 49 մլն հատ,
- Արմավիրի մարզը՝ 20 մլն հատ,
- Արագածոտնի մարզը՝ մոտ 15 մլն հատ։
Հատկանշական է, որ Արագածոտնի մարզում ծաղկի համար նախատեսված տարածքի մակերերսը կազմել է ընդամենը 14 հա, սակայն հավաքվել է մոտ 15 մլն հատ ծաղիկ։
2024թ․ 2023թ․ համեմատ հավաքված ծաղիկների թվաքանակի աճը Արարատի մարզում կազմել է 58%, Կոտայքի մարզում՝ 57%, Արմավիրում՝ 19%, և Արագածոտնում՝ 10%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում