ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պատրաստվում է հայտարարել ԱՄՆ-ի վերջին հարյուր տարվա խոշորագույն առևտրային սահմանափակումների մասին։ Bloomberg-ը կանխատեսում է, որ այս քայլը միանգամից կկործանի հետպատերազմյան համաշխարհային առևտրային համակարգը և կստեղծի դժվար կանխատեսելի տնտեսական ռիսկեր։ Մոտ 33 տրիլիոն դոլարի համաշխարհային առևտուրը գտնվում է վտանգի տակ, իսկ Բրազիլիայից մինչև Չինաստան երկրների արտահանումը դեպի ԱՄՆ կարող է նվազել 4-90%-ով, ըստ Bloomberg Economics-ի տվյալների։ Երեքշաբթի օրը համաշխարհային առևտրային քաղաքականության անորոշության ինդեքսը հասել է ռեկորդային մակարդակի 2009 թվականից ի վեր։
Ըստ Goldman Sachs Group Inc.-ի տնտեսագետների, ԱՄՆ-ի միջին մաքսատուրքը բոլոր երկրների ապրանքների համար այս տարի, ամենայն հավանականությամբ, կբարձրանա 15 %-ով։ Նրանք նախազգուշացնում են, որ դա կհանգեցնի հիմքային գնաճի աճի, տնտեսական աճի դանդաղման և կբարձրացնի ռեցեսիայի ռիսկը։
Սակայն, Bloomberg Economics-ի հաշվարկներով, վատագույն սցենարի դեպքում ԱՄՆ-ի միջին մաքսատուրքը կարող է բարձրանալ մինչև 28 տոկոսային կետ։ Սա կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի 4%-ի կորստի և գնաճի մոտ 2,5% աճի առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում։
ԱՄՆ-ի առևտրային գործընկերների համար հետևանքները, միևնույն է, լուրջ կլինեն, նշում է գործակալությունը։ Չինաստանը, Եվրամիությունը և Հնդկաստանը կարող են լինել ամենաշատ տուժող երկրների ցանկի վերևում, սակայն նրանց տնտեսությունները հնարավոր է դիմանան այդ հարվածին։
Bloomberg Economics-ի վերլուծության համաձայն, Կանադան և Հարավարևելյան Ասիայի երկրները, ամենայն հավանականությամբ, կզգան ավելի մեծ ազդեցություն։
Գործակալության տվյալներով, հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ի ֆոնդային շուկան գրանցել է 2023 թվականից ի վեր ամենավատ եռամսյակային արդյունքները, մինչդեռ աշխարհի այլ երկրների մեծ մասում դիտվել է աճ։ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է մոտ 3%-ով, մասամբ՝ տնտեսական աճի վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով։ Ոսկին հասել է ռեկորդային բարձր ցուցանիշների, իսկ դոլարը թուլացրել է իր դիրքերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում