Ռուսները սեպտեմբերին մոբիլիզացիայի ֆոնին բանկերից գրեթե 460 միլիարդ ռուբլի են հանել

1 Min Read

Ռուսների միջոցները բանկային հաշիվներում սեպտեմբերին կրճատվել են 458 միլիարդ ռուբլով (մինուս 1,4%), իսկ արտահոսքը տեղի է ունեցել ամսվա երկրորդ կեսին, երբ հայտարարվեց մասնակի մոբիլիզացիա։ Այս մասին ասվում է ՌԴ ԿԲ-ի 2022 թվականի սեպտեմբերին բանկային հատվածի զարգացման վերաբերյալ զեկույցում:

Ֆինանսական միջոցների արտահոսքը պայմանավորված է նրանով, որ սեպտեմբերի երկրորդ կեսին ավելացել է երկիրը լքողների ու իրենց հետ կանխիկ գումար վերցնողների թիվը։ Բացի այդ, ոմանք սթրեսային կամ անորոշ իրավիճակներում, հակված են իրենց միջոցների կանխիկացմանը, բայց հետո սովորաբար գումարը վերադարձնում են բանկերին, նշել են ԿԲ-ից։

Ավելի մեծ չափով նվազել են արտարժութային հաշիվները (7,1 մլրդ դոլար կամ 427 մլրդ ռուբլի՝ -10,4 %), իսկ ռուբլով հաշիվների նվազում ավելի քիչ է եղել (31 մլրդ ռուբլի՝ -0,1 %)։ Այնուամենայնիվ, ռուբլու խնայողությունների շրջանակներում գումարները շարունակել են վերաբաշխվել ժամկետային ավանդներից (516 միլիարդ ռուբլի, -2,6 %) դեպի ընթացիկ հաշիվներ (485 միլիարդ, 5 %): Կենտրոնական բանկը դա պայմանավորում է գարնանը բարձր տոկոսադրույքներով բացված 6 ամսով կարճաժամկետ ավանդների ժամկետը լրանալու և սեպտեմբերին ավանդների տոկոսադրույքների շարունակական նվազման հետ։ Հոկտեմբերի սկզբին բանկերն արդեն սկսել են բարձրացնել տոկոսադրույքները՝ միջոցների արտահոսքը դանդաղեցնելու համար, իսկ ռուբլով ավանդների առավելագույն տոկոսադրույքը հոկտեմբերի առաջին տասնօրյակում աճել է 0,13 տոկոսային կետով՝ հասնելով 6,67 %-ի, հայտնում է Կենտրոնական բանկը։

Share This Article
1579 Comments