«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել։
Կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։
Բացի այդ, տեղի շինկազմակերպություններն ու մասնագետները, համագործակցելով միջազգային բազմաթիվ ծրագրերում մեծ փորձ ունեցող կապալառուի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների նրբություններին։
Շինհրապարակում այս պահին իրականացվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, պայթեցումներ, կառուցվում է հողային պաստառը և այլն։ Ընթանում է Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցներից մեկի կառուցումը. կատարվում է բետոնացում, կառուցվում են արհեստական կառույցների հիմքերը։ Շարունակվում են նաև 360մ երկարություն ունեցող թունելի հորատման աշխատանքները. արդեն իսկ հորատվել է ավելի քան 180մ։
Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում