Աղքատության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Շիրակում. Պատկերը Երևանում և մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ հանրությունը չի տեսնում կառավարության աշխատանքի արդյունավետությունը հատկապես Գյումրիում և Շիրակի մարզում։

Քաղաքական առումով իշխանությունների այս անհաջողությունների հիմքում նաև սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք հատկապես Շիրակի մարզում  արդյունավետորեն չեն լուծվում։

Դիտարկենք աղքատության մակարդակի ցուցանիշը Երևանում և մարզերում․

2023թ․ ՀՀ-ում աղքատության մակարդակը միջինում կազմել է 23․7%։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1․1%-ը:

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից, ինչն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է։ Ընդ որում՝ աղքատության ընդհանուր գիծը 2023թ․ կազմել է ֏ 64,146։ 

Ծայրահեղ աղքատ կամ թերսնված է  համարվում նա, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը 2023թ․ կազմել է ֏29,786։

2023թ․ 2022թ․ համեմատ աղքատության մակարդակը հանրապետությունում նվազել է 1․1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0․1 տոկոսային կետով։

ՀՀ-ում աղքատության ամենաբարձր մակարդակը 2023թ․ արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43․1%, որից ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 4%։

Նկատենք, որ Շիրակի մարզում աղքատության մակարդակը 2023թ․ 2022թ․ համեմատ աճել է 1․5 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0․4 տոկոսային կետով։ Չնայած նրան, որ Շիրակի մարզում արձանագրվել է 2023թ․ առավելագույն աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակը, 2023թ․ 2022թ․ համեմատ աղքատության մնակարդակի ամենամեծ աճը՝ 15․2 տոկոսային կետով,  արձանագրվել է Վայոց ձորում՝ կազմելով 30․9%։

Ծայրահեղ աղքատության մակարդակի ամենամեծ աճը 2023թ․ 2022թ․ համեմատ դիտվել է Արարատի մարզում՝ 1․6 տոկոսային կետով` հաստատվելիվ 1․8% մակարդակում։

Աղքատության մակարդակի ամենամեծ անկումը՝ 14․9 տոկոսային կետով,  2023թ․ 2022թ․ համեմատ դիտվել է Արմավիրի մարզում՝ կազմելով 25․9%։

Իսկ ծայրահեղ աղքատության ամենամեծ անկումը՝ 2․4 տոկոսային կետով, արձամագրվել է Տավուշում՝ կազմելով 2․6%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով