Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ հեռանում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնից՝ նշանակվելուց երկու ամիս անց:
Նա կմնա կառավարության ղեկավար, քանի դեռ չի ընտրվել հաջորդ պաշտոնակատարը։ Թրասսը վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 6-ին և մինչ հրաժարականի մասին հայտնելը պաշտոնավարել է 44 օր։
Բրիտանական խորհրդարանի մոտ 100 անդամներ նամակներ են գրել Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեմ Բրեյդիին՝ խնդրելով անվստահություն հայտնել Թրասին՝ տնտեսական քաղաքականության ձախողման պատճառով:
Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների և մտավախություն ունի, որ կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը դրա իրականացման հետևանքով:
Ծրագիրը, որ խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը, ներառում էր հարկերի լայնածավալ կրճատում։ Նրա հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայում հինգ տարվա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացավ 2008 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 4,6 %, ինչը հանգեցրեց պարտքային արժեթղթերի պահանջարկի նվազման։ Դրա պատճառով ֆունտը կտրուկ անկում ապրեց հասնելով պատմական նվազագույն արժեքի` 1,054 դոլար մեկ ֆունտի դիմաց:
Անցած ուրբաթ ֆինանսական շուկաներում ստեղծված իրավիճակի պատճառով վարչապետը հայտարարեց կորպորատիվ եկամտահարկի բարձրացման մասին՝ 19-25 %։ Այս միջոցը մտցվել էր նրա նախորդի՝ Բորիս Ջոնսոնի կառավարության օրոք, իսկ Թրասը չեղարկել էր այն իշխանության գալուց հետո։
Ուրբաթ օրը հրաժարական տվեց վիճահարույց տնտեսական աջակցության ծրագրի հեղինակ Քվարթենգը, նրա պաշտոնը ստանձնեց Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը, որը հետագայում չեղարկեց այս ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները՝ տնտեսական իրավիճակը կայունացնելու համար։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սվելա Բրեյվերմանը ևս հրաժարական է տվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում