Կասեցվել է  պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրամասի գործունեությունը

1 Min Read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Հիմքը այդ արտադրամասում իրականացված վերահսկողության արդյունքներն են. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներ:
Մասնավորապես՝
— արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը.
— չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները.
— արտադրամասը սարքավորված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով՝ նախատեսված ձեռքերը լվանալու համար, ապահովված տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով.
— արտադրական շինությունում պահվել է արտադրական հագուստ, արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ (զոդման սարք, մալուխներ, շինանյութ և այլ իրեր).
— առաստաղները, շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը, մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը.
— պատերի վերին մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մուտքի դուռը ենթարկված է եղել կոռոզիայի.
— սննդամթերքի արտադրության ընթացքում գոյացած թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական տարածքից:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով