Gotbit կրիպտոարժույթի շուկայի մարկետմեյքեր ընկերության հիմնադիր Ալեքսեյ Անդրյունինը ԱՄՆ արդարադատության նախարարության հետ մեղքի ճանաչման համաձայնագիր է կնքել՝ կապված խարդախության և կրիպտոարժույթի շուկայի մանիպուլյացիայի մեղադրանքների հետ։ Համաձայնագրի շրջանակում Անդրյունինի մոտից կխլեն մոտ 23 միլիոն դոլարի կրիպտոարժույթ։
Անդրյունինը ձերբակալվել էր 2024 թվականի հոկտեմբերի 6-ին Պորտուգալիայում և փոխանցվել ԱՄՆ իշխանություններին փետրվարին։ Նրան մեղադրում են խարդախության և շուկայի մանիպուլյացիայի մեջ։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ նա իրականացրել է կեղծ գործարքներ (wash trading)՝ մեմքոյնների և քիչ հայտնի թոքենների առևտրի ծավալները արհեստականորեն մեծացնելու համար։
Ֆիկտիվ առևտրի փաստը ապացուցելու համար ՀԴԲ-ն գործարկել է սեփական NexFundAI թոքենը և գրանցելով համանուն ընկերություն՝ պայմանագիր է կնքել Gotbit-ի հետ «լիկվիդայնություն ստեղծելու» համար։ NexFundAI-ի առևտրային ծավալները կտրուկ աճել են, ապա նույնքան արագ անկում ապրել, ինչը հաստատել է wash trading-ի կիրառումը։
Անդրյունինը նաև համաձայնել է այս գործի շրջանակում այլ հնարավոր բռնագրավումների, որոնք կարող են ներառել մեքենաներ, գումար կամ այլ անձնական գույք, և հրաժարվել է որևէ բողոքից ու պահանջից։
Նրան սպառնում էր 5-ից 20 տարվա ազատազրկում մի շարք մեղադրանքների համար, ինչպես նաև տուգանքներ, վնասի փոխհատուցում և գույքի բռնագրավում։ Ազատազրկումից հետո նախատեսվում էր ևս երեք տարի պայմանական պատիժ։ Մեղքը ճանաչելուց հետո դատախազը համաձայնել է առաջարկել առավելագույնը 2 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական ժամկետ։ Վնասի փոխհատուցման չափը կորոշվի դատավճռի կայացման պահին։