Աննախանձելի դիրքում` թափոնների կառավարման արդյունավետության ցուցանիշով. Ի՞նչ պատկեր է ՀՀ-ում և տարածաշրջանում. (տեսանյութ, ինֆոգրաֆիկա)

3 Min Read

Կոշտ թափոնների անվերջ կուտակումը և դրանց ոչ բավարար կառավարումը մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։

Այստեղ կարևոր է հասկանալ թափոնների կառավարման արդյունավետությունը, որը նշանակում է մեկ շնչի հաշվով կոշտ կենցաղային թափոնների առաջացման, դրանց վերահսկման  և  թափոններից էներգիայի  ու նյութերի վերականգնման  շղթայի իրականացում։ Այս երեք գործընթացների բարձիթողի վիճակը կարող է զգալի վնաս հասցնել թե՛ տնտեսությանը, թե՛ շրջակա միջավայրին։ Եթե շրջակա միջավայրին հասցվում են անդառնալի վնասներ, ապա կարճաժամկետ հեռանկարում արձանագրված տնտեսական աճերը երկարաժամկետում կվերածվեն տնտեսության խոր անկման՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

Այս համատեքստում աշխարհում հաշվարկում են թափոնների կառավարման համաթիվը, որը որոշակիորեն նկարագրում է` ինչ արդյունավետությամբ է իրականացվում թափոնների կառավարումը։

Ցուցանիշը որքան մոտ է 100 բալին, այնքան ավելի արդյունավետ է իրականացվում թափոնների կառավարումը տվյալ երկրում։

2024թ․ դրությամբ թափոնների կառավարման տեսանկյունից  ամենաարդյունավետը  գործել են․

  • Սինգապուրը՝ 75․5 բալ,
  • Ճապոնիան՝ 73․6 բալ,
  • Շվեդիան՝ 72․7 բալ։

2024թ․ թափոնների կառավարման խիստ անարդյունավետություն է արձանագրվել հետևյալ 3 երկրներում. 

  • Իրաք՝ 8․6 բալ, 
  • Բահամներ՝ 8․7 բալ,
  • Վենեսուելա՝ 10․3 բալ։

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Իրաքը և Վենեսուելան խոշոր նավթարդյունահանող երկրներ են, որոնք զարգանում են բացառապես հում նավթ արտահանելով՝ անտեսելով կոշտ թափոնների կառավարման արդյունավետությունը։ Այս երկրներում ստեղծված նավթադոլարները իրականում չեն կարող համարվել արդյունավետ տեղաբաշխված, քանի որ տնտեսությունը բացառապես զարգանում է բնապահպանական խնիրներն անտեսելու ճանապարհով, ինչի հետևանքներն իրենց սպասեցնել չեն տալու երկարաժամկետ հեռանկարներում։


Անկում` գրեթե բոլոր ենթաինդեքսների մասով. Տնտեսական ազատության համաթվի հետընթացը ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ դրական չէ Հայաստանում և նրա հարևանների շրջանում, որտեղ թափոնների կառավարման արդյունավետության համաթիվը 50 բալից ցածր է. 

Վիճակագրական տվյալները փաստում են, որ թափոնների կառավարմամբ 50 բալին ավելի մոտ են հետևյալ երկրները․

  • Բելառուսը՝ 44․3 բալ,
  • Վրաստանը՝ 36․6 բալ, 
  • Իրանը՝ 31․1 բալ։

Փաստացի վերոնշյալ երեք երկրներում թափոնների կառավարման արդյունավետությունը մոտ է 50 բալին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակն այդքան էլ լավ չէ։

Թափոնների կառավարման արդյունավետության մակարդակով Բելառուսը 180 երկրների շարքում 2024թ․ դրությամբ զբաղեցրել է 38-րդ, Վրաստանը՝ 63-րդ, իսկ Իրանը՝ 88-րդ հորիզոնականը։

Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է հետևյալ երեք երկրներում․

  • Ղրղզստան՝ 14․8 բալ, 
  • Ռուսաստան՝ 15․5 բալ,
  • Ադրբեջան՝ 21․6 բալ։

Վերոնշյալ երկրները թափոնների խիստ անարդյունավետ կառավարում են իրականացնում։ Մասնավորապես, Ղրղզստանը, օրինակ, 180 երկրների ցանկում զբաղեցրել է 171-րդ, Ռուսաստանը՝ 169-րդ, և Ադրբեջանը՝ 155-րդ հորիզոնականը։

Հայաստանի պարագայում թափոնների կառավարման արդյունավետությունը 2024թ․ հաստատվել է 24․8 բալ մակարդակում, ինչի արդյունքում Հայաստանը դիրքավորվել է 138-րդ հորիզոնականում։ 

  • Ինչևէ, փաստենք, որ Հայաստանի  արձանագրած աննախանձելի ցուցանիշը հարցերի տեղիք է տալիս` հաշվի առնելով, որ հսկայական ֆինանսական միջոցներ են հատկացվում Հայաստանին էկոլոգիական խնդիրների լուծման համար։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով