Հյուսիսային Կորեան ունի աշխարհում երրորդ ամենամեծ բիթքոյնի պաշարները

2 Min Read

Հյուսիսային Կորեան այժմ աշխարհում երրորդ խոշորագույն բիթքոյն սեփականատերն է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո, գրում է The Times-ը։

Հյուսիսային Կորեայի ամենամեծ և ամենահաջողակ կիբեր կազմակերպությունը՝ Lazarus, ունի 1,15 միլիարդ դոլար արժողությամբ 13,580 բիթքոյն անցյալ ամիս ռեկորդային գողությունից հետո:

Ըստ Arkham Intelligence ընկերության, որն օգտագործում է արհեստական ​​ինտելեկտը կրիպտոարժույթների սեփականատերերին բացահայտելու համար, Փհենյանը զիջում է միայն Բրիտանիային՝ 5,06 միլիարդ դոլարով, իսկ ԱՄՆ-ին՝ առնվազն 16,47 միլիարդ դոլարով։

Lazarus Group-ը, որը նաև հայտնի է որպես Trader Traitor, աշխարհի ամենահաջողակ հանցավոր կազմակերպություններից մեկն է: Նրա եկամուտը փրկօղակ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար և ֆինանսավորում է Հյուսիսային Կորեայի բանակը, մասնավորապես՝ զենքի արտադրությունը։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ խումբը գողացել է ավելի քան 1,56 միլիարդ դոլար Ethereum կրիպտոարժույթ՝ անցած ամիս Bybit կրիպտոարժույթների բորսայում իրականացված թվային արշավի ժամանակ: 2023 թվականին ԿԺԴՀ-ն պաշտպանության վրա ծախսել է 1,43 միլիարդ դոլար։

Վերջին զեկույցի համաձայն՝ անցյալ տարի հյուսիսկորեացի հաքերները գողացել են մոտ 799 միլիոն դոլար կրիպտոարժույթ: Հյուսիսային Կորեայի կառավարության համար աշխատող հանցավոր խմբավորումների կողմից կրիպտոարժույթների գողությունները կազմել են 2024 թվականին ամբողջ աշխարհում նման գողությունների արդյունքում գողացված 2,21 միլիարդ դոլարի 35%-ը:

Անցյալ տարի ՄԱԿ-ի փորձագետների խումբը եզրակացրեց, որ Հյուսիսային Կորեան ֆինանսավորում է իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի մինչև 40 տոկոսը «ապօրինի կիբեր միջոցներով»:

Նշենք, որ մարտի 19-ի առավոտվա դրությամբ բիթքոյնի փոխարժեքը գերազանցում է 83,5 հազար դոլարը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով