Թրամփն ամբողջությամբ արգելափակել է ռուսական բանկերը

1 Min Read

ԱՄՆ-ը չի երկարաձգել ընդհանուր լիցենզիան, որը թույլ է տվել որոշ գործարքներ իրականացնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի միջոցով, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրին։

Fox-ի աղբյուրի համաձայն՝ այդ քայլը Թրամփի բանակցային մարտավարության մի մասն է՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։

Այսուհետ, առանց բացառության, ուժի մեջ են մտնում 9 ռուսական բանկերի՝ VEB-ի, Sberbank-ի, FC Otkritie-ի, VTB-ի, Sovcombank-ի, Alfa-Bank-ի, Rosbank-ի, Bank Zenit-ի և Bank Saint Petersburg-ի նկատմամբ արգելափակման պատժամիջոցները: Նույն որոշումը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին և Ազգային քլիրինգային կենտրոնին՝ Մոսկվայի բորսայի հիմնական հաշվարկային կառույցին:

Մինչև մարտի 12-ը այս բանկերին թույլատրվում էր դոլարով գործարքներ իրականացնել՝ կապված ռուսական էներգառեսուրսների վճարման հետ։ Թրամփի վարչակազմի՝ լիցենզիան չերկարաձգելու որոշումը կնշանակի, որ եվրոպական երկրներն այլևս չեն կարողանա նավթ գնել Ռուսաստանից՝ առանց պատժամիջոցների ռիսկի, Fox News-ին հայտնել է աղբյուրը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հաստատել է Reuters-ին, որ հունվարի 10-ին տրված լիցենզիայի ժամկետը լրացել է։ Սպիտակ տունը մտադիր է շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին հասնելու համար, ասել է Fox-ի աղբյուրը։

Միաժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ քննարկում է միջազգային նախագծերում «Գազպրոմի» հետ ապագա համագործակցության հնարավորությունը։

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով