Թուրքիայում միջազգային գազատար հանգույց կստեղծվի

1 Min Read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկրում կստեղծվի միջազգային գազային հանգույց՝ Եվրոպա ռուսական գազ մատակարարելու համար։

Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, ասել է որ իրենք  պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայում գազի կենտրոն ստեղծելու վերաբերյալ, որի միջոցով բնական գազը կարող է առաքվել Եվրոպա: Այսպիսով, Եվրոպան գազ կպատվիրի Թուրքիային:

Թուրքիայում Եվրոպայի ամենամեծ գազային հանգույցը ստեղծելու գաղափարով Ռուսաստանի Դաշնության նախագահը ելույթ ունեցավ անցյալ շաբաթ՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումում: Ըստ նրա՝ խոսքը գնում է մեկ այլ գազատարի համակարգի կառուցման և Թուրքիայում հանգույց ստեղծելու հնարավորության մասին, որով գազը կմատակարարվի երրորդ երկրներին՝ առաջին հերթին եվրոպականներին, եթե դա նրանց հետաքրքրի։

Հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին Աստանայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցություններում։ Էրդողանի խոսքով՝ հանգույցը նախատեսվում է ստեղծել ամենակարճ ժամկետներում, դրա համար ամենահարմար վայրը Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Թրակիա շրջանն է։

 

Կիսվեք այս հոդվածով