Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը, ով ղեկավարում է Tesla և SpaceX ընկերությունները, մեկ օրվա ընթացքում կորցրել է 29 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 15,4%-ով, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները։
Երկուշաբթի օրվա առևտրի արդյունքներով Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 15,43%-ով՝ հասնելով 222,15 դոլարի։ Մինչդեռ 2024 թվականի սկզբից դրանց գինը արդեն նվազել է 1,8 անգամ․ նախորդ տարեվերջին մեկ բաժնետոմսի գինը կազմում էր 403,84 դոլար։
ԱՄՆ-ի ֆոնդային շուկաներում տեխնոլոգիական ընկերությունների լայնածավալ վաճառք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Nasdaq Composite ինդեքսը նվազել է 4%-ով։ Բացի այդ, UBS-ի վերլուծաբանները Tesla-ի բաժնետոմսերի թիրախային գինը նվազեցրել են 259 դոլարից մինչև 225 դոլար։
Այս իրադարձությունների հետևանքով Մասքի կարողությունը մեկ օրվա ընթացքում նվազել է 29 միլիարդ դոլարով՝ հասնելով 301 միլիարդի։ Տարվա սկզբից նրա կորուստներն արդեն կազմել են 132 միլիարդ դոլար (կամ 30,5%), նշված է Bloomberg-ի հաշվետվությունում։ Դեկտեմբերի դրությամբ Մասքի կարողությունը հասել էր իր առավելագույնին՝ 486 միլիարդ դոլարի։
Չնայած ֆինանսական կորուստներին, Մասքը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Երկրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 216 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ երրորդ հորիզոնականում՝ Մարկ Ցուկերբերգը՝ 211 միլիարդ դոլարով։
Tesla Motors-ը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլների և հարակից տեխնոլոգիաների մշակող ու արտադրող ընկերություն։ Բացի էլեկտրամոբիլներից, Tesla-ն իր սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ և էլեկտրաշարժիչներ, որոնք վաճառում է այլ ավտոարտադրողներին, այդ թվում՝ Toyota-ին և Daimler-ին։ 2021 թվականին ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Կալիֆոռնիայի Պալո Ալտոյից դեպի Տեխասի Օսթին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում