Գերմանական շքեղ սպորտային ավտոմեքենաների և ամենագնացների արտադրող Porsche-ի շահույթը 2024 թվականին տարեկան արտահայտությամբ նվազել է 30,3%-ով և կազմել շուրջ €3,6 միլիարդ։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում։
Ավտոարտադրողը զգալի կորուստները բացատրել է մոդելային շարքի թարմացման բարձր ծախսերով և Չինաստանում վաճառքի կտրուկ անկմամբ։ Գործառնական շահույթը (EBIT)՝ մինչև տոկոսների և հարկերի հաշվարկը, նվազել է 22,6%-ով, հասնելով €5,64 միլիարդի։ Մեկ բաժնետոմսի շահույթն ավելի զգալի անկում է գրանցել՝ 30%-ով, հասնելով €3,95-ի արտոնյալ բաժնետոմսի համար։
2023 թվականին Porsche-ի շահույթը կազմել էր մոտ €5,2 միլիարդ։ Porsche-ի մատակարարումները 2024 թվականին կրճատվել են 3%-ով, կազմելով մոտ 310 700 ավտոմեքենա, ընդ որում, Չինաստանում վաճառքները նվազել են 28%-ով։ Ընդհանուր առմամբ, վաճառքները նվազել են 1,1%-ով, կազմելով €40 միլիարդից մի փոքր ավելին։
«2024 թվականին Porsche-ն ապացուցեց, որ մենք մնում ենք բարձր շահութաբեր և ֆինանսապես կայուն, նույնիսկ դժվարին ժամանակներում», – նշել է ընկերության նոր ֆինանսական տնօրեն Յոհեն Բրեկները։ Սակայն, նրա խոսքով, միջնաժամկետ հեռանկարում ավտոարտադրողն ավելի զգուշավոր մոտեցում կորդեգրի։
Porsche-ն մտադիր է 2024 թվականին ներդնել շուրջ €800 միլիոն՝ նոր մոդելների և ծախսերի կրճատման ծրագրի միջոցով բիզնեսի վերականգնման համար։ Ակնկալվում է, որ վաճառքի ծավալը կհասնի €39-40 միլիարդի։
Փետրվարին Porsche-ն առաջին անգամ հայտարարեց տնօրենների խորհրդի վերակազմավորման մասին։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ ընկերությունը հարմարեցնում է իր ռազմավարությունը՝ ավելի մեծ ներդրումներ ուղղելով ներքին այրման շարժիչներին և վերալիցքավորվող հիբրիդներին։ Մինչև 2029 թվականը Porsche-ն նախատեսում է կրճատել շուրջ 1 900 աշխատատեղ իր հիմնական գործարանում Ցուֆենհաուզենում և Վայսախի զարգացման կենտրոնում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում