Սաակաշվիլին ազատազրկման է դատապարտվել բյուջեից շուրջ 5,4 միլիոն դոլար յուրացնելու համար

1 Min Read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման:

Նա մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցներից առանձնապես խոշոր չափերով յուրացմանում կատարելու համար:

Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Միաժամանակ, հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային էլ դատարանը մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300 հազար լարիով։

Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ գործընթացը քաղաքական բնույթ է կրում։

Վրաստանի դատախազությունը պնդում է, որ 2009 թվականի մայիսից մինչև 2013 թվականի փետրվար Միխեիլ Սաակաշվիլիի հանձնարարությամբ և կազմակերպմամբ պետական բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի (այն տարիներին շուրջ 5,4 միլիոն դոլար)՝ նրա անձնական նպատակների համար։

Ազատազրկման նոր ժամկետը կհաշվվի Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, ըստ դատավճռի, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն սա միայն այս գործով: Նրա նկատմամբ շարունակվում են դատավարությունները՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի և սահմանի ապօրինի հատման հետ կապված գործերով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով