Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից է ֆինանսաբանկային համակարգը։ Այստեղ արագ տեմպերով ընթանում են թվայնացման գործընթացներ, որոնք ոլորտ են բերում նոր փոփոխություններ։
Հայաստանի բանկային համակարգը բազմաթիվ փորձությունների միջով է անցել և կարողացել է ցույց տալ իր դիմադրողականությունը։ Այս ամենով հանդերձ` ՀՀ տնտեսությունում տեղի են ունենում գործընթացներ, որոնց անմիջական մասնակիցները բանկերն են, և հանրության շրջանում տարատեսակ մտահոգություններ են առաջանում։ Առանձնացնենք մարդկանց վարկային ծանրաբեռնվածությունը, որը մեծ ռիսկերի հետ է կապված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վարկերը մեծամասամբ ոչ թե վերածվում են ներդրումների, այլ ձեռք են բերվում սպառողական նպատակներով։
Որքան էլ իշխանությունները ներկայացնեն, թե մարդկանց եկամուտները բարձրացրել են, մեկ է, իրական պատկերն այն է, որ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար մարդիկ շատ հաճախ դիմում են «վարկային» գործիքի օգնությանը։
ՀՀ-ում վարկառուների թվաքանակը շարունակ աճում է. Ի՞նչ են փաստում ԿԲ տվյալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Հաշվի առնելով վերոգրյալ դիտարկումները՝ ուսումնասիրվել է բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ և բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ ցուցանիշների դինամիկան 2000-2024թթ․ ժամանակահատվածում․
ՀՀ ԿԲ տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. հաստատվել է 58․1% մակարդակում։ Վերջինս 2020թ․ կորոնավիրուսային ճգնաժամից առաջ և հետո դիտված առավելագույն մակարդակն է։
Կորոնավիրուսային ճգնաժամի գագաթնակետը համարվող 2020թ․ դիտվել է 2000-2024թթ ժամանակահատվածի վարկեր/ՀՆԱ ցուցանիշի առավելագույն մակարդակը՝ 63․2%, որը հիմնավորված էր առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ սրմամբ։
Վարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2024թ․-ին 2000թ․ համեմատ աճել է շուրջ 6 անգամ, իսկ 2024թ․ 2023թ․ համեմատ 4․6 տոկոսային կետով։
Բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 2024թ․ կազմում է 108․9%, որը կրկին դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակն է։
Ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 2024թ․֊ին 2000թ․ համեմատ աճել է մոտ 4․8 անգամ, իսկ 2024թ․ 2023թ․ համեմատ՝ 12․3 տոկոսային կետով։
- Այսպիսով, արձանագրում ենք, որ 2024թ․ վարկային ծանրաբեռնվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է։ Այս պարագայում հարց է առաջանում. արդյոք տնտեսությունը կկարողանա՞ դիմակայել այս վարկային ծանրաբեռնվածությանը, թե՞ հարկավոր են կոնկրետ քայլեր` լարվածությունը նվազեցնելու համար։