Պաշտոնանկություններ Nissan-ում. հրաժարական կտա նաև գործադիր տնօրենը. Reuters

2 Min Read

Nissan-ի գործադիր տնօրեն Մակոտո Ուչիդան ապրիլի 1-ին կլքի պաշտոնը` այն փոխանցելով Իվան Էսպինոզային, ով ներկայումս զբաղեցնում է պլանավորման գլխավոր տնօրենի պաշտոնը: Ընկերության մամուլի ծառայությունը մարտի 11-ին հաղորդել է բարձր ղեկավարության փոփոխությունների մասին, հաղորդում է Reuters-ը։

Բացի այդ, իրենց պաշտոնները կլքեն տեխնիկական և գործադիր տնօրեն Կունիո Նակագուրոն, ինչպես նաև արտադրության և մատակարարման ցանցի մենեջերը, իսկ Nissan-ի թոփ մենեջերներից այլ մասնագետներ արդեն իսկ նշանակվել են վերջիններիս պաշտոններում։

Ուչիդան ստիպված է եղել հրաժարական տալ այն բանից հետո, երբ Nissan-ի շահույթը նվազել է, և Honda-ի հետ միաձուլման բանակցությունները տապալվել են: Արդյո՞ք Էսպինոսայի նշանակումը թույլ կտա վերսկսել այդ բանակցությունները, թե՞ դուռ կբացի մեկ այլ գործընկերոջ ներդրումների համար, մնում է պարզել:

Մեքսիկացի Իվան Էսպինոզան Nissan-ում աշխատում է 2003 թվականից։ Նա վերահսկում էր մոդելների տեսականու պլանավորումն ու զարգացումը, ինչպես նաև ներգրավված էր համաշխարհային ռազմավարության մեջ: Էսպինոզան իր ներկայիս պաշտոնում է 2024 թվականի ապրիլից՝ ընդունելով այն որպես վերակազմակերպման մաս, որի նպատակն է արագացնել ընկերության անցումը էլեկտրական մեքենաներին:

Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, հաղորդվել էր, որ Honda-ն կհամաձայնի Nissan-ի հետ բանակցություններին ավտոկոնցեռնի միաձուլման շուրջ, եթե վերջինիս գործադիր տնօրեն Մակոտո Ուչիդան հրաժարական տա:

Փետրվարի 13-ին հայտարարվեց, որ Honda-ն և Nissan-ը հրաժարվել են մեկ ավտոկոնցեռնում միավորվելու իրենց ծրագրերից, որը կարժենա 60 միլիարդ դոլար։ Բանակցությունների ընթացքում ընկերությունները հանդիպել են բազմաթիվ տարաձայնությունների:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով