Strategy-ն (նախկինում՝ MicroStrategy) դիմում է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC)՝ A Series Perpetual Strike տեսակի արտոնյալ բաժնետոմսերի թողարկման համար՝ մինչև $21 միլիարդի չափով։ Ըստ ընկերության հայտի՝ ներգրավված միջոցները կարող են օգտագործվել «ընդհանուր կորպորատիվ նպատակների», այդ թվում՝ նոր բիթքոյնների գնումների համար։
Այս արտոնյալ բաժնետոմսերը ժամկետ չեն ունենա, սակայն ներդրողները կստանան ֆիքսված 8% տարեկան դիվիդենտներ։ Բացի այդ, նրանք կունենան վճարումների առաջնահերթություն սովորական բաժնետերերի նկատմամբ, սակայն չեն կարողանա մասնակցել ընկերության կառավարման քվեարկություններին։
Strategy-ն մնում է խոշորագույն կորպորատիվ բիթքոյն-պահողը։ Վերջին տվյալներով, ընկերության հաշվեկշռում կա 499 096 BTC (մոտ 2,52% բիթքոյնի ներկայիս շրջանառությունից), որոնք գնվել են 2020 թվականից ի վեր՝ ընդհանուր $33,1 միլիարդով, միջինում $66 357 գնով մեկ BTC-ի համար։
Strategy-ն մինչև 2027 թվականը նախատեսում է ներգրավել $42 միլիարդ կապիտալ՝ բաժնետոմսերի և պարտքային գործիքների թողարկման միջոցով։