Հայաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դա պայմանավորված է առաջին հերթին արդեն սովորական դարձած հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումներով։ Նշված լարվածությունը հատկապես խանգարում է բիզնես շրջանակներին։ Վերջինս իր հերթին մեծ ճնշում է գործադրում ՀՀ ֆինանսական համակարգի՝ մասնավորապես բանկային համակարգի վրա։
Ներկայումս բանկային համակարգում հաճախորդների թվաքանակի և հաշիվների քանակի մասով առկա են հետևյալ ցուցանիշները.
Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների և հաշիվների քանակը՝ 2022 թ.-ի հուլիսի վերջի դրությամբ
Համաձայն ՎԿ տվյալների՝ բանկերում հաշիվների քանակը կազմել է 7,092,996 միավոր, իսկ հաճախորդների թվաքանակը՝ 3,592,508 մարդ:
2022 թ.-ի մարտի համեմատ 2022 թ.-ի հուլիսին հաճախորդների և հաշիվների թիվն աճել է համապատասխանաբար 6,3 %-ով և 5,5 %-ով։
Առավել մանրամասն ուսումնասիրենք ՀՀ առևտրային բանկերում ֆիզիկական անձ-հաճախորդների և հաշիվների թիվը.
Գծապատկեր 2. Ֆիզիկական անձ-հաճախորդների և հաշիվների թիվը ՀՀ առևտրային բանկերում՝ 2022 թ․-ի հուլիսի վերջի դրությամբ
Պարզվում է՝ ֆիզիկական անձ-հաճախորդների թիվը 2022 թ․-ի հուլիսի վերջին կազմել է 3,458,102, իսկ հաշիվների թիվը՝ 6,791,933: Նկատենք, որ 2022 թ․-ի հուլիսին, մարտի համեմատ, ֆիզիկական անձ-հաճախորդների թիվն աճել է 6,1 %-ով, իսկ հաշիվների թիվը՝ 5.2 %-ով:
Դիտարկենք իրավիճակն առևտրային բանկերում՝ իրավաբանական անձ-հաճախորդների և հաշիվների թվի մասով.
Գծապատկեր 3. Իրավաբանական անձ-հաճախորդների և հաշիվների թիվը ՀՀ առևտրային բանկերում՝ 2022 թ․-ի հուլիսի վերջի դրությամբ
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022 թ․-ի հուլիսի վերջի դրությամբ իրավաբանական անձինք բանկերում ունեցել են 301,063 միավոր հաշիվ, որը, նույն տարվա մարտի համեմատ, աճել է 11.9 %-ով:
Մյուս կողմից, իրավաբանական անձ-հաճախորդների թիվը կազմել է 134,406 միավոր, որը 2022 թ․-ի մարտի համեմատ աճել է 12.3 %-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում