Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության ֆունկցիան Կառավարությունն իր վրա է վերցնում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ 2026 թվականին վերապահովագրող նոր գործընկեր կունենանք: Մի քանիսի հետ հիմա ակտիվ խոսակցության մեջ ենք (անունները չտամ, որպեսզի բանակցություններին չխանգարենք), և 2026 թվականի համար շատ ավելի պատրաստ և շուկայական կանոններին համապատասխան լուծում կունենանք:
Բայց այս տարվա համար ունենք նախագիծ, որով ապահովագրավճարի 70-80 տոկոսը Կառավարությունը կփոխհատուցի, կվճարի մեր քաղաքացիների համար, ինչպես նաև եթե ապահովագրական ընկերությունների վնասը 200 տոկոսը գերազանցի այդ վնասը գերազանցող չափի մասով, ապա Կառավարությունն այդ վնասները նույնպես կփոխհատուցի»,- ասաց նա:
Ի տարբերություն 2024 թվականի ապահովագրության նախագծի՝ 2025 թվականին, ըստ նախարարի, բոլոր 13 մշակաբույսերի գծով և բոլոր տեսակներով լինելու է ապահովագրություն:
«Օրինակ՝ անցյալ տարի ցրտահարությունը չկար, այս տարի կլինի»,- ասաց նա և հավելեց,- հիմա Կառավարությունը միջոցներ է հատկացրել, որպեսզի մեր հիդրոմետ կայանը զինվի, որովհետև դա հնարավորություն է տալիս շատ ավելի հստակ իմանալ, թե որ օրը որտեղ ինչքան կարկուտ է եղել, ցրտահարությունն այդ հատվածում քանի աստիճան է եղել և այլն, այսինքն՝ շատ կոնկրետ ցուցանիշներ են, որոնք շատ կարևոր են ճիշտ ապահովագրություն և ճիշտ կանխատեսում անելու համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում