ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է գործադիր հրամանագրի գործողությունը, որը սահմանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնալիքի պատճառով, ինչպես նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում։
13660-րդ հրամանագիրը, որը ստորագրվել էր 2014 թվականի մարտի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից, պատժամիջոցներ է սահմանում այն անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար։ Բացի այդ, այս գործադիր ակտի դրույթներով սահմանափակումներ են մտցվում որոշ անձանց և պաշտոնյաների համար՝ կապված Ղրիմի Ռուսաստանի կազմ ընդգրկվելու հետ։
«Երկրի արտակարգ իրավիճակների մասին օրենքի 202(d) բաժնի (50 U.S.C. 1622 (d)) համաձայն, ես մեկ տարով երկարացնում եմ 13660-րդ հրամանագրով հայտարարված արտակարգ իրավիճակը», – ասվում է ԱՄՆ նախագահի կողմից հաստատված փաստաթղթում։
Ղրիմը դարձավ Ռուսաստանի տարածաշրջան 2014 թվականի մարտին՝ հանրաքվեի արդյունքում, որը տեղի ունեցավ Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո։ Հանրաքվեի ժամանակ Ղրիմում ընտրողների 96.77%-ը և Սևաստոպոլում 95.6%-ը քվեարկեցին Ռուսաստանի կազմ ընդգրկվելու օգտին։ Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր ժամանակավորապես օկուպացված տարածքը, իսկ արևմտյան երկրները աջակցում են Կիևի դիրքորոշմանը։
ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչներն իրենց կամքն արտահայտել են ժողովրդավարական ճանապարհով՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լիակատար համապատասխանությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»։