ՀՀ-ում վարկառուների թվաքանակը շարունակ աճում է. Ի՞նչ են փաստում ԿԲ տվյալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանցիների վարկային ծանրաբեռնվածությունը շարունակում է։ ՀՀ ԿԲ-ն հրապարակել է տեղեկատվություն 2025թ․ հունվարի վերջի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) քանակների վերաբերյալ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2025թ․ հունվարի վերջի դրությամբ կազմել է շուրջ 883,538 անձ։ Կանանց մասնաբաժինը նրանցում կազմել է 51%, իսկ  տղամարդկանցը՝ 49%։

Նկատենք, որ սպառողական և այլ վարկեր ունեցող վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2025թ․ հունվարի վերջի դրությամբ կազմել է 861,689 անձ։ Այս պարագայում կանանց մասնաբաժինը կազմում է 51%, իսկ տղամարդկանցը՝ 49%։

Բացի այդ՝ հիփոթեքային վարկեր ունեցող վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2025թ․ հունվարի վերջի դրությամբ կազմում է 77,760 անձ։ Վերջինիս 34%-ը պատկանում է կանանց, իսկ 66%-ը՝ տղամարդկանց։

Հաշվի առնելով այն փաստը, որ 2024թ․ երրորդ եռամսյակում (ավելի թարմ տվյալներ դեռևս չեն հրապարակվել) ՀՀ-ում աշխատուժի թվաքանակը կազմում է 1,397,100 մարդ և ենթադրելով, որ այս թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակում էական փոփոխության չի ենթարկվի, ստացվում է`վարկառու ֆիզիկական անձանց մասնաբաժինն աշխատուժի թվաքանակում կազմում է շուրջ 63%։

Վերջինս բավականին մոտավոր պատկերն է արտահայտում, քանի որ վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակում կոնկրետ առանձնացված չեն նրանց թվաքանակը, ովքեր ներկայացնում են աշխատուժի որոշակի հատվածը, ինչպես նաև առկա է ենթադրություն, որ 2025թ․ առաջին եռամսյակում կպահպանվի 2024թ․ երրոդ եռամսյակում արձանագրված աշխատուժի մակարդակը։

Այդուհանդերձ, հաշվի առնենք այն փաստը, որ առևտրային բանկերը բավականին քիչ հավանական է, որ վարկեր կտան մարդկանց, ովքեր ընդհանրապես ներգրավված չեն աշխատուժի մեջ։ Այստեղ կարևոր են  վարկառուի և՛տարիքը, և՛ եկամուտները։

Այս ամենով հանդերձ` նույնիսկ 63% արդյունքն ազդանշան է այն մասին, որ վարկային ծանրաբեռնվածությունը հասել է որոշակի մակարդակի, որը կարող է ռիսկեր առաջացնել ՀՀ տնտեսության համար։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով