Իսրայելի կենտրոնական բանկը կոչ է անում բարձր տոկոսադրույքներից շահույթ ստացող բանկերին արտոնություններ տրամադրել, քանի որ տնային տնտեսությունները, փոքր ձեռնարկությունները և պատերազմից տուժած մյուս բնակիչները դժվարանում են հոգալ իրենց առօրյա ապրուստը։
Իսրայելի Կենտրոնական բանկը կոչ է արել երկրի բանկերին, որոնք հսկայական շահույթ են ստանում, առաջիկա երկու տարիների ընթացքում մի կողմ դնել $839 մլն՝ վճարելու նոր ծրագրի համար, որը ենթադրում է վարկավորման պայմանների մեղմացում ՝ օգնելու մանրածախ հաճախորդներին հաղթահարել ճգնաժամի տնտեսական հետևանքները:
Կենտրոնական բանկի հայտարարության մեջ նշվում է․
Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական անորոշությունը, այն խնդիրները, որոնք այն ստեղծում է տնտեսական գործունեության համար և հաշվի առնելով Իսրայելում բանկերի բարձր շահութաբերությունը` Իսրայելի Կենտրոնական բանկը ներկայացնում է մի ծրագիր, որը մենք ակնկալում ենք` կընդունվի բանկային համակարգի կողմից: Ծրագիրը օգտակար կլինի հաճախորդների համար և կամրապնդի հասարակության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ:
Այս քայլը ձեռնարկվել է այն պատճառով, որ երկրի բանկերը քննադատության են ենթարկվել քաղաքական գործիչների և հասարակության կողմից վարկերի և հիփոթեքի բարձր տոկոսադրույքների համար։ Իսրայելի ամբողջ տնային տնտեսություններն ու ձեռնարկությունները դժվարանում են մարել վարկերն ու տոկոսները, իսկ կյանքի արժեքը շարունակում է աճել 15-ամսյա պատերազմի արդյունքում։
Իսրայելի Կենտրոնական բանկը կոչ է անում երկրի վարկատուներին 2025 և 2026 թթ. գործող նպաստների ծրագիր ներկայացնել իրենց հաճախորդների համար, հատկապես տնային տնտեսությունների, փոքր բիզնեսի և նրանց համար, ովքեր ամենաշատն են տուժել պատերազմից:
Իսրայելի ԿԲ կողմից առաջարկվող առավելություններից են ընթացիկ հաշիվների տոկոսների հաշվեգրումը, կարճաժամկետ ավանդների ավելի բարձր տոկոսադրույքները, օվերդրաֆտի տոկոսադրույքների իջեցումը և վճարներից ազատումը:
Իսրայելական տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդը կամ 35% -ը պատերազմի սկսվելուց ի վեր բախվել են իրենց եկամուտների անկմանը։ Ընդ որում, այդ մասնաբաժինը հասել է 44% -ի հյուսիսային և հարավային շրջանների տնային տնտեսությունների պարագայում, որտեղ բիզնեսի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ակտիվությունը լրջորեն տուժել է։
Միևնույն ժամանակ, Իսրայելի խոշորագույն վարկատուները` ներառյալ Bank Hapoalim-ը և Bank Leumi-ն, վերջին երկու տարիների ընթացքում ռեկորդային զուտ շահույթ են ստացել, քանի որ բարձր տոկոսադրույքները և ավելացող գնաճը մեծացրել են ֆինանսական մուտքերը և նպաստել վարկային գործառնությունների բարգավաճմանը, աճել են հիփոթեքային վարկերի մարման ծախսերը՝ ավելացնելով արդեն իսկ բարձր բնակարանային արժեքը երկրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում