Այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումները որևէ դրական ելք համաշխարհային տնտեսության համար չեն խոստանում: Իրավիճակը գնալով ավելի է սրվում: Օր օրի ավելացող գների կտրուկ աճի հետևից տնտեսությունները պարզապես չեն հասնում: Արդյունքում մարդկանց եկամուտները փոշիանում են, իսկ աղքատությունն ավելի է խորանում: Այս ամենը չի շրջանցել նաև Հայաստանը:
Հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել գների փոփոխությունները ոչ միայն ընդհանուր մասշտաբով, այլ նաև ՀՀ մի շարք խոշոր քաղաքներում։ Արդյունքում կուսումնասիրվեն արձանագրված գնաճի հիմնական պատճառները և կարվեն համապատասխան հետևություններ։ Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ խոշոր քաղաքներում գների մակարդակին ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Գծապատկեր 1. ՍԳԻ-ն՝ ՀՀ խոշոր քաղաքներում 2022 թ.-ի սեպտեմբերին՝ 2021 թ․-ի սեպտեմբերի նկատմամբ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի սեպտեմբերին, 2021 թ․-ի սեպտեմբերի համեմատ, գների աճը ՀՀ-ում կազմել է 9,9 %: Գնաճի բարձր մակարդակ է ապահովել Երևանը, որտեղ 2022 թ․ -ի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 10,7 %։
9,7 %-ով, 9.5 %-ով և 9,3 %-ով աճել են գները Հրազդանում, Վանաձորում և Գավառում։ Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից էական ցածր գնաճ արձանագրվել է Գյումրիում, Վաղարշապատում՝ 8,3 %, և Արտաշատում՝ 8,4 %։
Դիտարկենք այն ապրանքախմբերը, որոնց մասով արձանագրվել է զգալի բարձր գնաճ Երևանում և ՀՀ մյուս խոշոր քաղաքներում․
Գծապատկեր 2. Մի շարք ապրանքախմբերի մասով ՍԳԻ-ն 2022 թ․-ի սեպտեմբերին՝ 2021 թ․-ի սեպտեմբերի նկատմամբ
Գծապատկեր 2-ում նկատում ենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով զգալի գնաճ է արձանագրվել Երևանում՝ 14,4 %, Իջևանում և Վանաձորում՝ 14.3 %, Գավառում՝ 13,9 %, Հրազդանում՝ 13.3 %: Հագուստի և կոշիկի մասով բարձր գնաճ է դիտվել Գավառում՝ 20 %, Եղեգնաձորում՝ 17.7 %, Գյումրիում՝ 17.3 %, Աշտարակում՝ 17.2 %, Արտաշատում՝ 15.8 %, և Երևանում՝ 15,5 %:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում