ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը

2 Min Read

2024 թվականին ԱրարատԲանկի աջակցությունն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին նպաստել է հիմնադրամի առաքելության իրականացմանը՝ երիտասարդների համար ստեղծելով կրթական նոր հնարավորություններ:

«ԱրարատԲանկի համագործակցությունը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր մասն է: Մենք հավատում ենք, որ կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ ազդեցություն են ունենում ոչ միայն անհատների, այլև ամբողջ հասարակության վրա», — ընդգծել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:


«Տեսնել Հայաստանի ապագան՝ տիեզերական ապագան․․․ սա թերևս այսօրվա տագնապալից առօրեականության մեջ ամենադժվար խնդիրներից մեկն է։ Ապագան կանգնած է գիտելիքահեն սերունդ ունենալու և կրթելու բարդ խնդրի առջև։ Կրել սերունդների առջև պատասխանատվությունը միայնակ հնարավոր չէ։ ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը՝ իրականացնելով այս կրթական ծրագրերը, թիկունք են կանգնում մեր երիտասարդներին՝ իրականացնելու իրենց մասնագիտական երազանքները տիեզերական գիտաինժեներական ոլորտում»,- ընդգծել է «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։

«Երիտասարդների կրթության և մասնագիտական աճի խթանումն առաջնահերթ է Բանկի համար: «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը թույլ է տալիս նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և երիտասարդների համար ստեղծել իրական հնարավորություններ», — նշել է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը: 

Հիմնադրամը մշակել է յուրահատուկ կրթական համակարգ, որն առաջարկում է անվճար, կարճաժամկետ տեխնիկական դասընթացներ՝ աերոտիեզերական և ՏՏ ոլորտների համար մասնագետներ պատրաստելու նպատակով: 2024 թվականի ծրագրերի ցանկն ընդգրկում էր նաև 3D մոդելավորումն (SolidWorks) ու վեբ ծրագրավորումը։ Ծրագրերին մասնակցել է ավելի քան 350 ուսանող։

Դասընթացները հատկապես հասանելի են մարզաբնակ երիտասարդների և Արցախից տեղահանված հայրենակիցների համար: Հիմնադրամն ունի ժամանակակից ուսումնական հարմարություններ, ներառյալ համակարգչային և աերոտիեզերական ինժեներության լաբորատորիաներ:

Այս համագործակցությունը վկայում է ԱրարատԲանկի՝ կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ունեցած հետևողական ներդրման մասին:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով