Ո՞ր ոլորտներում են գրանցվել ամենացածր և ամենաբարձր աշխատավարձերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5 Min Read

Շարունակում ենք ամփոփել   2024թ․ թվերով։ Մինչ այժմ ներկայացված գրեթե բոլոր ցուցանիշների մասով արձանագրվել են ոչ գովելի արդյունքներ։

Սույն վերլուծությունում մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել միջին ամսական անվանական աշխատավարձը։ Վերջինս ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել, որ գործ ունենք միջին և անվանական մեծության հետ։

Փաստացի, միջին ամսական անվանական աշխատավարձի վրա մեծապես ազդում են հարկերը և սպառողական գները, որոնց ներկայիս արագ աճը հանգեցնում է մարդկանց իրական եկամուտների արագ փոշիացմանը։

Այդուհանդերձ, արձանագրենք, որ 2024թ․ անվանական աշխատավարձի մակարդակը Երևանում և ՀՀ մարզերում  արձանագրել է հետևյալ արդյունքները․

Նկատենք, որ 2024թ․ միջին ամսական անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 287,172 մակարդակում։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է ընդամենը 6%։ Այս աճը զիջում է 2023թ․ 2022թ.  և 2022թ․ 2021թ․ համեմատ արձանագրված աճերին՝ մոտ 15%-ով, այսինքն` շուրջ 2 անգամ։

Ինչու՞ հնարավոր չի եղել ավելի մեծ աճ ապահովել, կամ գոնե պահպանել նախկին տարիներին արձանագրված աճերը։ Այս փաստը ևս խոսում է անարդյունավետ քաղաքականության մասին։ Բացի այդ՝  եթե ՀՀ-ում հարցնենք սովորական մարդկանց, թե արդյոք ֏287,172 միջին ամսական անվանական աշխատավարձը բավարար է բոլոր հնարավոր կենսական ծախսերը հոգալու համար, ապա կստանանք բավականին տխուր պատասխաններ։

Այստեղ նորից ուշադրությունը հրավիրենք «միջին» հասկացության վրա, քանի որ, օրինակ, սոցիալական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձերը շուրջ ֏100-֏120 հզր դրամով ավելի քիչ են, քան հանրապետությունում հաստատված միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակը։

Վերադառնալով Երևանին և մարզերին` արձանագրենք, որ 2024թ․ ամենաբարձր աշխատավարձերը հաստատվել են  Սյունիքում՝ ֏ 329,618 և մայրաքաղաքում` ֏328,911։ Թե՛ Սյունիքում, թե՛ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձերի ծավալներն աճել են համապատասխանաբար 3%-ով և 6%-ով։

Մյուս մարզերում միջին ամսական անվանական աշխատավարձն էականորեն ցածր է։ Ամենացածր աշխատավարձ արձանագրած մարզերն են Գեղարքունիքը՝ ֏ 144,908, Շիրակը՝ ֏ 151,202 և Տավուշը՝ ֏156,787։

Գեղարքունիքի մարզում 2024թ․ հաստատված միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակը զիջում է ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակին շուրջ ֏ 142 հզր-ով, իսկ Երևանի աշխատավարձերին՝ շուրջ ֏184 հզր-ով։

Նկատենք, որ Գեղարքունիքի մարզում ևս մարդիկ վճարում են հարկերը տուրքերը,  կոմունալները և այլ վճարները ևս։

Բացի այդ՝ արձանագրենք, որ 2024թ․ 2023թ․ համեմատ Տավուշում միջին ամսական անվանական աշխատավարձի ծավալները մի բան էլ նվազել են շուրջ 21%-ով։ Անշուշտ, 2024թ․ արձանագրվել են բավականին «բարձր և հուսադրող» արդյունքներ։


Հիմա էլ փորձենք վերլուծել 2024թ․ միջին ամսական անվանական աշխատավարձերը ըստ տնտեսության տարբեր ոլորտների․

Այստեղ արձանագրում ենք այն կարևոր փաստը, որ տնտեսության երեք ոլորտներում միջին ամսկան անվանական աշխատավարձերի մակարդակները գերազանցում են  հանրապետությունում արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձերի մակարդակները մոտ 4 անգամ։

Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր մակարդակը հաստատվել է Ֆինանսական և ապահովագրական գործունեություն ոլորտում՝ ֏ 905,420։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 19%-ով։

 Այս  տարբերությունները մտահոգիչ են՝ հաշվի առնելով բանկերի կողմից տրվող վարկերի բարձր տոկոսադրույքները։

Կրկին հիշենք «միջին» տերմինի մասին, որը ենթադրում է, որ, օրինակ, ֆինանսական և ապահովագրության ոլորտում ոչ բոլոր աշխատողներն են ստանում ֏ 905,420 և ավելի աշխատավարձ։ Այս «բաղձալի» աշխատավարձերը հիմնականում ստանում են «վերին» և «շատ վերին» օղակներում։

Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր մակարդակները  2024թ․ հաստատվել են հետևյալ ոլորտներում` կացության և հանրային սննդի կազմակերպում՝ ֏ 118,088, սպասարկման այլ ծառայություններ՝ ֏ 135,053, և կրթություն՝ ֏137,050, ոլորտներում։

Չմոռանալով «միջին» հասկացության մասին` արձանագրենք, որ այս ցածր աշխատավարձերով ոլորտներում «բաղձալի» միջին և միգուցե ավելի բարձր անվանական աշխատավարձերը ստանում են հանրության որոշակի խումբ միայն։

Արձանագրենք, նաև, որ բանկային և ապահովագրական գործունեություն ոլորտում արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձերը գերազանցում են կացության և հանրային սննդի կազմակերպում ոլորտում արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձերին շուրջ 8 անգամ։


Հայաստանի բանկային ոլորտը շարունակում է շահույթով աշխատել․ Բանկերի միությունն ամփոփել է 2024-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Մի «հուսադրող» փաստ էլ նշենք.  2024թ․2023թ․ համեմատ կացության և հանրային սննդի կազմակերպում ոլորտում հաստատված բավականին «բարձր» միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են շուրջ 7%-ով։

Վերջում անդրադառնանք 2024թ․ հանրապետությունում առկա վարձատրության գենդերային խզվածքին, որը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պարզաբանման, տղամարդկանց և կանանց միջին ամսական անվանական աշխատավարձերի տարբերության հարաբերությունն է տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձին` արտահայտված տոկոսներով։

2024թ․ վարձատրության գենդերային խզվածքը հանրապետությունում կազմել է 39․4%:

2024թ․ տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմում է ֏ 360,025, իսկ կանանց աշխատավարձը՝ ֏ 218,325։

2024թ․ 2023թ․ համեմատ վարձատրության գենդերային խզվածքը կրճատվել է ընդամենը 1․3 տոկոսային կետով։  Գենդերային խզվածքի ամենաբարձր մակադրակը, որքան էլ որ զարմանալի հնչի, 2024-ին դիտվել է ֆինանսական և ապահովագրական գործունեություն ոլորտում՝ մոտ 62%: Վերջինս 2023թ․ համեմատ աճել է շուրջ 3 տոկոսային կետով։

2024թ․ վարձատրության գենդերային խզվածքի ամենացածր մակադրակը դիտվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ոլորտում՝ 2%։ Վերջինս 2023թ․ համեմատ կրճատվել է շուրջ 5 տոկոսային կետով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով