ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր, ավելի խիստ տարբերակներ է մշակում Չինաստան միկրոչիպերի արտահանումը սահմանափակելու համար եւ ճնշում է գործադրում Վաշինգտոնի առանցքային դաշնակիցների վրա՝ նաև համապատասխան միջոցները խստացնելու ճանապարհով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ վերջերս ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են Ճապոնիայի եւ Նիդեռլանդների իրենց գործընկերների հետ և բանակցություններ վարել Չինաստանում կիսահաղորդչային սարքավորումների սպասարկման սահմանափակումներ մտցնելու հարցի շուրջ՝ Tokyo Electron-ի եւ ASML-ի ինժեներների կողմից։ Բացի այդ, Վաշինգտոնը ներկայում քննարկում է չինական որոշ ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
Գործակալության աղբյուրները նաև նշել են, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստացնել Nvidia կորպորացիայի կողմից արտադրվող չիպերի քանակի, հզորության եւ տեսակների սահմանափակումները, որոնք կարող են արտահանվել Չինաստան առանց լիցենզիայի։
Այս ֆոնին Bloomberg-ը հիշեցրել է, որ Վաշինգտոնի հիմնական շարժառիթը մնում է չինական կիսահաղորդչային արդյունաբերության զարգացումը սահմանափակելու և ռազմատեխնիկական ոլորտում Պեկինի դիրքերի ամրապնդումն արգելելու ցանկությունը։
Միևնույն ժամանակ, ըստ գործակալության գնահատականների, «ամիսներ կարող են անցնել»՝ մինչեւ նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելը, քանի որ ԱՄՆ-ում հիմնական կառավարական գերատեսչությունների ղեկավարների նշանակման գործընթացը դեռ ավարտված չէ։ Բացի այդ, դեռ պարզ չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը կկարողանա կապ հաստատել Վաշինգտոնի դաշնակիցների հետ սահմանափակումների հարցում։
Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի թիմին հաջողվել է համաձայնության գալ Նիդեռլանդների հետ, կապված Չինաստանում կիսահաղորդչային սարքավորումների սպասարկման սահմանափակումների հետ, սակայն ընտրություններում հանրապետականի հաղթանակից հետո թագավորությունը փոխել է իր դիրքորոշումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում