2025թ․ փետրվարի երկրորդ կեսին Հայաստանում սկսվեցին բավականին ուժգին ձյան տեղումներ, որոնք մեծ խնդիրների առաջ կանգնեցրին բնակիչներին։ Չնայած այն հանգամանքին, որ ձյան և ձնաբքի վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդվում էր դեռևս փետրվարի սկզբից, իշխանությունները հերթական անգամ պատրաստ չէին հավուր պատշաճի իրականացնել անհրաժեշտ գործողությունները։
Իշխանությունները, ի օգնություն քաղաքացիներին, առաջարկում էին գիշերը վառ թողնել փողոցների լույսերը, կոչ են անում տնտեսվարողներին և բնակիչներին մասնակցել ձնամաքրման աշխատանքներին, իսկ առողջապահության նախարարը հայաստանցիներին խոստացավ՝ պետությունը կփոխհատուցի ձյան պատճառով ընկածների բուժման ծախսերը:
Համատարած հարկային վարչարարության, տարատեսակ տուրքերի և վճարների գանձման խստացման պայմաններում հանրությանը հետաքրքում է մի հարց՝ արդյոք իրենց վճարած հարկերի դիմաց իշխանությունների կողմից մատուցվելու են նման անորակ, ցածրակարգ ծառայություններ
Այս խայտառակ անգործության արդյունքում մարդիկ իրենք են փորձում կարգավորել սեփական խնդիրները: Այս նույն քաոսային պատկերն էր նաև նախորդ տարի հորդառատ անձրևների ժամանակ։
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ տարերային վտանգավոր երևույթների թվաքանակը կազմել է 660 միավոր։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 12%-ով։ 2024թ․ տարերային վտանգավոր երևույթների թվաքանակը Երևանի և մարզերի միջև բաշխված է հետևյալ կերպ․
Երևանում 2024թ․ դիտվել է 64 տարերային վտանգավոր երևույթ, որը 2023թ․ համեմատ աճել է 88%-ով։ Մարզերում 2024թ․ 2023թ․ համեմատ տարերային վտանգավոր երևույթների մոտ հնգակի աճ է դիտվել Արմավիրի մարզում, որտեղ 2024թ․ արձանագրվել է 14 տարերային վտանգավոր երևույթ։
Տարերային վտանգավոր երևույթների թվաքանակով 2024թ․ առաջին հորիզոնականում է Վայոց ձորի մարզը՝ 158 միավոր։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 12%-ով։
2024թ․ դիտված տարերային վտանգավոր երևույթների 94 միավոր թվաքանակով երկրորդ տեղում է Սյունիքի մարզը, որտեղ 2024թ․ 2023թ․ համեմատ տարերային վտանգավոր երևույթների թիվն աճել է 45%-ով։
Երրորդ տեղում է Լոռու մարզը, որտեղ 2024թ․ 2023թ․ համեմատ տարերային վտանգավոր երևույթների թվաքանակն աճել է 23%-ով՝ կազմելով 64 միավոր։
Վերջում ավելացնենք, որ 2024թ․ տարերային վտանգավոր երևույթների ընդհանուր թվաքանակում մոտ 24%-ը պատկանում է մերկասառույցին, 17%-ը՝ վայրի կենդանիների հարձակմանը, և 12%-ը ուժեղ քամուն, փոթորկին և պտտահողմին։ Ընդ որում՝ ձյան առատ տեղումներին պատկանում է տարերային վտանգավոր երևույթների ընդհանուր թվաքանակի մոտ 5%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում