Գերմանիան հայտարարել է իր այն ծրագրի ավարտի մասին, որն ուկրաինացի փախստականներին հնարավորություն էր տալիս ուկրաինական գրիվնայի թղթադրամները ֆիքսված փոխարժեքով փոխանակել եվրոյով։ Այս մասին ասված է Գերմանիայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Европейская правда»-ն։
«Ֆինանսների դաշնային նախարարությունը և գերմանական Բունդեսբանկը պայմանավորվել են Ուկրաինայի Ազգային բանկի հետ՝ դադարեցնելու գրիվնայի եվրոյով փոխանակման ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծրագիրը ներկայացվել է Ուկրաինայից փախստականներին օգնելու համար։ Սկզբում դրա պահանջարկը մեծ է եղել, բայց հետո կտրուկ նվազել է, իսկ գործարքների թիվն այժմ շատ քիչ է։
Գերմանիայի բանկային ինդուստրիայի կոմիտեն (Deutsche Kreditwirtschaft) և նրա անդամ բանկերն ու խնայբանկերը կընդունեն և կփոխանակեն գրիվնան մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը՝ կախված դրանց բացման ժամերից։
Շատ դեպքերում փոխանակման վերջին բանկային օրը կլինի 2022 թվականի հոկտեմբերի 28-ը:
Հիշեցնենք, որ Լեհաստանում գրիվնայի զլոտիով փոխանակման ծրագիրը դադարեցվել էր սեպտեմբերի սկզբին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում