«Հրապարակ». Ի՞նչ կլինի, եթե ռուսական կապիտալը դուրս մղվի Հայաստանի տնտեսությունից

7 Min Read

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին նաեւ լուրեր են տարածվում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, եւ դա դրսեւորվում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերման եւ ՀԱՊԿ-ն լքելու պահանջների տեսքով, այլեւ գործնական քայլերով։ Հայտնի է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են ոչ միայն ռազմավարական դաշնակցային կապերով, այլեւ՝ տնտեսական։ Ռուսական ընկերություններն են շահագործում Մեծամորի ատոմակայանը, Հայաստանի երկաթուղին, գազամատակարարումն իրականացնում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերն ու բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պատկանում են ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանին։

Հայաստանի հանքարդյունաբերության մի ահռելի մասն էլ է շահագործվում ռուսական կապիտալի կողմից՝ ԶՊՄԿ, Թեղուտ, Սոթք։ Իսկ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու գործընթացի սկիզբ է դիտվում ԶՊՄԿ-ի մասնաբաժնի մի մասը ՀՀ կառավարությանը զիջելը, որը, ոմանց կարծիքով, կամովին չի եղել, այլ՝ պարտադրանքով։ Ռուսաստանին ՀՀ տնտեսությունից դուրս մղելու մասին հրապարակումներ են եղել նաեւ Տելեգրամ ալիքներում։ Մասնավորապես՝ նշվել է, որ ԱՄՆ-ն այդ գործի պատասխանատու է նշանակել Տիգրան Ավինյանին, ում դիտարկում են որպես Փաշինյանին փոխարինող։

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է այս լուրերի մասին, ռուսական ընկերությունները կարո՞ղ են դուրս մղվել Հայաստանից։

«Բոլոր պարագաներում ռիսկերը չափազանց մեծ են։ Այդ խնդիրները միշտ դրված են, որ Ռուսաստանին պոկեն Հայաստանից, բայց, բոլոր դեպքերում, պատմությունը ցույց է տվել, որ Արեւմուտքը երբեք առարկայական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին օգնելու առումով։ Իհարկե, շատ լավ է, որ Արեւմուտքն ամենատարբեր միջազգային կառույցների եւ առանձին պետությունների ղեկավարների կտրվածքով դրական բաներ ասում է Հայաստանի վերաբերյալ, բայց դրանք օճառի պղպջակների նման պայթում են։ Կոնկրետ աջակցության կամ կոնկրետ խնդիրը լուծելու վերաբերյալ․․․։ Դրա լավագույն օրինակը գիտե՞ք որն է․ 20-ական թվականներին, երբ բոլշեւիկները վերցրին Հայաստանը, անգլիացիներն ասացին, որ անգլիական նավերը հայկական լեռները բարձրանալ չեն կարող։ Եթե Հայաստանն ուզում է վերստին հայտնվել կոտրված տաշտակի առաջ․․․ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը հրաշք է եղել Հայաստանի համար, բայց բոլոր պարագաներում Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելու ժամանակահատվածում որոշակի առումով՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ տնտեսական, ունեցել է, ես կասեի, մինչեւ անգամ մեծ հաջողություն։

Այս 30 տարիների ընթացքում որ մենք շուկայական հարաբերությունների մեջ ենք գտնվում, էլի մեր շրջանառությունը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի գործոնով, եւ որպես ապրանքափոխանակության դոմինանտ երկիր, մյուս կողմից էլ՝ մոտավորապես 3 մլն հայեր, եթե ոչ դրանից ավել, գտնվում են Ռուսաստանում եւ սոցիալական հարցը լուծում են ռուսական ռեսուրսների, ռուսական աշխատատեղերի միջոցով։ Նման իրավիճակում ամբողջությամբ ապավինել Արեւմուտքին, ես կարծում եմ, որ դա հղի է հետեւանքներով»։

Բոստանջյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների այլընտրանք գտնի, օրինակ՝ ռուսական գազը փոխարինել իրանականով։ «Ամեն ինչ հնարավոր է, Հայաստանի Հանրապետությունը մի արտակարգ մեծ սպառում չունի, կարող է այդ ամենը փոխարինել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց, միեւնույն ժամանակ, ես չեմ կարողանում հասկանալ մեր երկրում իրականացվող քաղաքականությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Հիմա այս իշխանությունն ուզուրպացրածները երեւի թե գործակալական ցանցի մեջ են հայտնվել եւ մի բան են պայմանավորվել Արեւմուտքի հետ, որ անում են ամեն ինչ, ինչ իրենք ուզում են, այդ թվում եւ՝ ինչ ուզում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նման պարագայում խոսել Իրանի եւ Ռուսաստանի վերաբերյալ, անշնորհակալ գործ է։

Առնվազն պետք է այլ իշխանություններ լինեն, որպեսզի մենք հասկանանք՝ իսկապե՞ս այդ ուղղությամբ քաղաքականություն է իրականացվում, թե՞ ոչ։ Հիմա բոլորին ակնհայտ է, թե Ռուսաստանի վերաբերյալ թե Իրանի, չկա որեւէ առարկայական քաղաքականություն, առավել եւս՝ այն դեպքում, երբ Ղրիմի կամուրջն են պայթեցնում, եւ պարզվում է՝ Հայաստանն այն տեղամասերից մեկն է, որտեղ այդ մեքենան ծպտյալ մտել ու դուրս է եկել։ Ուզում եմ ասել, որ սրանք բոլորը խնդիրներ են, որոնք չեմ կարծում, թե մեզ լավ տեղ են տանում»։

Զրուցեցինք նաեւ էներգետիկայի ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։ Հնարավոր համարո՞ւմ է, որ ռուսական ընկերությունները դուրս մղվեն Հայաստանի էներգետիկ ոլորտից, եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա Հայաստանի համար։ «Հուսամ, որ դա հնարավոր չէ, որովհետեւ դա շատ վատ հետեւանքներ կունենա առաջին հերթին Հայաստանի տնտեսության համար, որովհետեւ մենք այս պահին գազն առնում ենք 178 դոլարով՝ այն դեպքում, երբ Եվրոպայում միջին գինը 1000 դոլար է 1000 խմ-ի համար։ Նույնը վերաբերում է նաեւ ատոմակայանին, որովհետեւ աշխարհում ուրանով աշխատող բոլոր ատոմակայանների գրեթե 30-40 տոկոսի ուրանը մատակարարում է Ռուսաստանը։

Ռուսաստանի դիրքերը շատ ամուր են, եւ նույն ԱՄՆ ատոմակայաններն աշխատում են ռուսական հարստացած ուրանով, եւ երբ սանկցիաների քաղաքականությունը սկսեցին, ամեն ինչի վրա սանկցիա դրեցին, բացի ուրանի առքուվաճառքից, քանի որ դրանից առաջին հերթին կտուժեր ԱՄՆ տնտեսությունը։ Բացի այն, որ այդ ուրանը շատ որակով է, այն նաեւ համեմատաբար էժան է։ Այսինքն՝ փոխարինե՞լ թե՛ ռուսական գազը, թե՛ ուրանը, որը պետք է Հայաստանի ատոմակայանին։ Բացի դրանից՝ հաշվի առեք, որ Հայաստանից արտահանվող պատրաստի ապրանքների առյուծի բաժինը վաճառվում է ռուսական շուկաներում, իսկ դեպի Եվրոպա մենք մատակարարում ենք հիմնականում հումք, պղնձի խտանյութ ենք արտահանում՝ ուրիշ ոչինչ, իսկ գյուղատնտեսական եւ մյուս ապրանքներն արտահանվում են ռուսական շուկա։

Մեր կախվածությունը ռուսական շուկայից, գազից, ուրանից եւ մնացածից մեծ է, եւ Արեւմուտքը դրան փոխարինել չի կարող, որովհետեւ, առաջին հերթին՝ չունի, երկրորդ հերթին՝ ինքը դրա կարիքն ունի։ Հետեւաբար, այս ամենը կարող է շատ վատ վերջանալ Հայաստանի համար, եթե այսպես շարունակեն, եւ հայկական կողմն էլ նպաստի այդ քաղաքականությանը»,- պատասխանեց փորձագետը։ Իսկ հայկական կողմից նման միտումներ նկատո՞ւմ է։

«Միանշանակ երեւում է, որ այսօրվա իշխանություններն ինչ-որ խաղեր են տալիս Արեւմուտքի, Ռուսաստանի եւ ում հետ հնարավոր է, ամեն մեկին ինչ-որ բաներ խոստանում, եւ, ցավոք սրտի, Հայաստանն էլ, որպես մանրադրամ, այդ խոշոր խաղացողներն օգտագործում են, եւ այնպես չէ, որ դա արվում է առանց Հայաստանի ցանկության։ Ուղղակի քանի որ ունենք բավականին թույլ եւ անողնաշար իշխանություն, բոլորն էլ դրանից օգտվում են։ Այո, այդ միտումները կան, բայց ասել, որ Հայաստանն ուզում է գնալ դեպի Արեւմուտք եւ այլն, դժվարանում եմ, քանի որ այսօրվա իշխանությունների քաղաքականությանն ինչ-որ գնահատական տալ, թե իրենք ինչ են ուզում, պարզ չէ»,- պատասխանեց Մանվելյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կիսվեք այս հոդվածով