Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է, որ Միության գրանցած հաջողությունները անդամ կազմակերպությունների և գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են:
«Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, Կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարևոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին»,-նշել է Ալեքսանդր Եսայանը։
Նա նաև հավելել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։
«Մենք գնալու ենք նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաև «ԴիջիԹեքը», որն անցած տարի ամենամեծն էր պատմության մեջ։ Նախատեսում ենք այն դարձնել միջազգային հարթակ՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների»:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։
Նորընտիր խորհրդի կազմում են ընդգրկվել՝
Արտավազդ Մինասյանը (Կրիսպ-համահիմնադիր և նախագահ),
Արմեն Քոչարյանը (Վօլօ — տնօրեն և համահիմնադիր),
Իրինա Դումանյան (Սիմենս-տնօրեն),
Արսեն Բաղդասարյան (Դատաարտ-տնօրեն),
Արման Աթոյան (Այ Իքս-Թեք-համահիմնադիր և տնօրեն),
Խաչիկ Նազարյան (Բրոդքոմ — ինժեներական տնօրեն),
Գևորգ Սաֆարյան (Լայմթեք — հիմնադիր և տնօրեն),
Գոռ Վարդանյան (Ֆայմթեք — հիմնադիր),
Սպարտակ Կյուրեղյան (Զելըս — Ֆինանսական և բիզնես օպերացիոն տնօրեն),
Աշոտ Տոնոյան (Սերվիս Թայթան — տնօրեն),
Արտավազդ Երիցյան (Փոդքասլ — հիմնադիր և տնօրեն),
Նարեկ Ասլիկյան (Արմինիըն Քոդ Ըքեդըմի — հիմնադիր և տնօրեն),
Ռեմ Դարբինյան (Վայրըլ Մանգո — հիմնադիր և տնօրեն):