Անկում` գրեթե բոլոր ենթաինդեքսների մասով. Տնտեսական ազատության համաթվի հետընթացը ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

5 Min Read

Երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին խոսելիս պետք է ոչ թե առանձին դրվագների վրա ուշադրություն դարձնել, այլ դիտարկել իրավիճակը ընդհանուր պատկերի մեջ։

Ահա թե ինչու, տնտեսական տարբեր ցուցանիշների վարքագիծը դիտարկում ենք ոչ միայն 2024թ․, այլ ավելի լայն ժամանակահատվածում։

Անդրադառնանք Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսին։ Այն ձևավորվում է 9 ցուցանիշների հիման վրա, որոնք նկարագրում են տնտեսության տարբեր կողմերը։

Առաջին հերթին հետընթաց ենք արձանագրում սեփականության իրավունքի պաշտպանության մասով։ Վերջինիս մակարդակը տատանվում է 0-100 միջակայքում։ Որքան սեփականության իրավունքը պաշտպանված է, այնքան ցուցանիշի մակարդակը մոտ է 100 բալին։

2020թ․ արձանագրված 61 բալ ցուցանիշից հետո սեփականության իրավունքի համաթիվը շարունակաբար նվազում է, և վերջին երեք տարիներին՝ ներառյալ 2024թ․, ցուցանիշը հաստատվել է 50 բալ մակարդակում։


Տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ նվազել է. Տոնական օրերի կրճատումը չի բարելավել տնտեսության վիճակը. Հունվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Կոռուպցիայից ազատության համաթիվը 2019թ․ կազմում էր 39 բալ։ Վերջինս աճել է մինչև 2023թ․՝ հասնելով 52 բալ մակարդակին, սակայն 2024թ․ նկատում ենք անկում 2 բալով, որի արդյունքում ցուցանիշը գտնվում է 50 բալ մակարդակում։ Այս հետընթացը խոսում է այն մասին, որ կոռուպցիոն ռիսկերը մեծացել են երկրում։

Ֆիսկալ ազատության համաթիվը նկարագրում է հարկային բեռի «ծանրությունը» բիզնեսի և հանրության համար։ Որքան ցուցանիշը մոտ է 100 բալին, այնքան հարկային ծանրաբեռնվածությունը փոքր է։

Այս առումով վերջին երեք տարիներին նկատվում է ցուցանիշի անկում։ Դեռևս 2021թ․ ցուցանիշը հասել էր 87 բալ մակարդակին, սակայն 2022թ․ ունենք 76 բալ, 2023թ․՝ 71 բալ, իսկ 2024թ․՝ 69 բալ։

ՈՒշադրություն դարձրեք՝ ինչ արագությամբ է ցուցանիշը նվազում, ինչն արձանագրում է հարկային վարչարարության աննախադեպ կոշտացումը վերջին տարիներին. սա  բացասաբար է ազդելու տնտեսության, հետևաբար նաև սոցիալական իրավիճակի վրա։ Իհարկե, եթե կառավարությունը հարկային բեռի ավելացմանը զուգահեռ չսկսի վարել սոցիալական աջակցման քաղաքականություն։


Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից


Բիզնեսի ազատության համաթիվը չափվում է 10 ենթացուցանիշների օգնությամբ`  բիզնես սկսելու հարմարավետությունից, մինչև բիզնեսի համար առանցքային նշանակություն ունեցող այլ ցուցանիշներ՝ օրինակ` նվազագույն կապիտալի առկայություն, վերականգնման մակարդակ և այլն։

Այս ցուցանիշը նկարագրում է բիզնեսի նկատմամբ առկա կարգավորումների ծանրությունը և այս գործընթացներում պետության արդյունավետությունը։

Վերլուծելով ֆիսկալ ազատության համաթվի դինամիկան` արձանագրում ենք, որ չնայած 2021թ․ արձանագրված 82 բալ մակարդակին` 2022 և 2023թ․ նկատում ենք կտրուկ անկում, իսկ 2024թ․ մի փոքր աճ, որի արդյունքում ցուցանիշը հաստատվել է 69 բալ մակարդակում, ինչը, այնուամենայնից, ցածր է 2021թ․ մակարդակից շուրջ 13 բալով։

Խնդիրներ են առկա աշխատուժի ազատության ինդեքսի հետ կապված։ Աշխատուժի ազատության համաթիվը  արտացոլում է Հայաստանի աշխատաշուկայի նորմատիվային դաշտի տարբեր ասպեկտները` ներառյալ նվազագույն աշխատավարձը, աշխատանքից ազատումն արգելող օրենքները, աշխատանքային պայմանագրի խզման վճարների պահանջները և աշխատանքի ընդունման նորմատիվային բեռը:

Աշխատուժի ազատության համաթվի կտրուկ անկում է արձանագրվում 2022թ․՝ հասնելով 47 բալ մակարդակին, այնուհետև ցուցանիշը սկսում է աճել՝ 2024թ․ հաստատվելով 59 բալ մակարդակում, որը էականորեն ցածր է 2021թ․ մակարդակից։


2024-ը՝ տնտեսական առանցքային ցուցանիշներով. ամփոփում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Մոնետար ազատության համաթիվը սկսել է անկում ապրել 2022թ․ -ից սկսած։ 2024թ․ ցուցանիշը հայտնվել է 68 բալ մակարդակում։ Մոնետար ազատության ինդեքս արտացոլում է Հայաստանում գների կայունությունը և կառավարության կողմից գների վերահսկման միջոցների կիրառումը: Գների կայունությունը գների նվազագույն վերահսկողությամբ իդեալական վիճակ է ազատ շուկայի համար:

Առևտրի ազատության համաթիվը 2020թ․ 81 բալ մակարդակից անկում է ապրել՝ 2021-2024թթ.` հաստատվելով 74 բալ մակարդակում։ Նկատենք, որ Հայաստանում առևտրի ազատության համաթիվը չափում է սակագների և այլ խոչընդոտների բացակայությունը, որոնք ազդում են ապրանքների և ծառայությունների միջազգային առևտրի վրա:

Ներդումների ազատության համաթիվը 2017թ․-ից հետո անկում է արձանագրել և 2018-2024թ․ հաստատվել է 75 բալ մակարդակում։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը դեպի Հայաստան ներդումների ներհոսքի համար դեռևս ավելի բարենպաստ միջավայր չի ապահովել։

Ֆինանսական ազատության համաթիվը որևէ փոփոխության չի ենթարկվել՝ հաստատվելով 70 բալ մակարդակում։ Ցուցանիշը գնահատում է բանկային համակարգի արդյունավետությունը և կառավարության միջամտությունը ֆինանսական համակարգին: Ավելի բարձր գնահատականը նշանակում է բանկային հաստատությունների ավելի արդյունավետ աշխատանք և պետության ավելի քիչ միջամտություն:

Այսինքն, ֆինանսական ազատության համաթվի փոփոխության տեսանկյունից Հայաստանում տարվող քաղաքականությունը դեռևս արդյունավետության աճ չի գրանցել։ 

  • Այսպիսով, վերոգրյալ ենթաինդեքսներում առկա խնդիրների պատճառով Հայաստանում տնտեսական ազատության համաթիվը 2024թ․ հաստատվել է  65 բալ մակարդակում։ Վերջինս չի փոխվել 2022թ․ ի վեր։ Տնտեսական ազատության համաթիվը 2021թ․ հասել է 72 բալ մակարդակին, սակայն հնարավոր չի եղել պահպանել ձեռքբերված հաջողությունները, և հետագա տարիներին արձանագրվել է հետընթաց։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով