Եվրոպայում սպասվող պարտքային ճգնաժամը կարող է լուրջ փորձություն դառնալ տարածաշրջանի տնտեսությունների համար: Պետական պարտքի բարձր մակարդակը, դրա տոկոսադրույքների բարձրացումը և չմտածված տնտեսական քաղաքականությունը ֆինանսական կոլապսի նախադրյալներ են ստեղծում։ Այս մասին փետրվարի 18-ին «Իզվեստիա»-ին հայտնել է Կառավարման պետական համալսարանի տնտեսական քաղաքականության եւ տնտեսական չափումների ամբիոնի դոցենտ Մաքսիմ Չիրկովը։
Ավելի վաղ Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Եվրոպան գտնվում է հերթական ֆինանսական ճգնաժամի շեմին։
«Եվրոպայում պարտքային ճգնաժամը զարգանում է արագ և անխուսափելիորեն։ Եվրոպական երկրներն առաջատար են ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակով, ինչն ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում»,— պարզաբանել է Չիրկովը։
Բացի այդ, տնտեսագետն ընդգծեց, որ տոկոսադրույքների բարձրացումը գնալով թանկացնում է պարտքի սպասարկումը։
«Եվրոպական երկրները ստիպված են վերաֆինանսավորել իրենց պարտքերը ավելի բարձր տոկոսադրույքներով, ինչը մեծացնում է ֆինանսական բեռը։ Սա ավելի է մոտեցնում պարտքային ճգնաժամին, որից արդեն իսկ դժվար է խուսափել»,— պարզաբանեց նա:
Փորձագետը նշեց, որ պարտքի բեռի հետ կապված իրավիճակը բարդ էր նույնիսկ 2022 թվականի իրադարձություններից առաջ, սակայն այժմ այն վատանում է լրացուցիչ ծախսերի, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու և պաշտպանական բյուջեների ավելացման պատճառով։
«Դեռևս պարզ չէ, թե ինչպես եվրոպական երկրները կկարողանան գլուխ հանել այս իրավիճակից։ Սակայն ակնհայտ է, որ ճգնաժամը լուրջ հետեւանքներ կունենա ողջ համաշխարհային տնտեսության համար»,— եզրափակել է Չիրկովը։
Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, MGIMO-ի Էներգետիկ քաղաքականության և դիվանագիտության միջազգային ինստիտուտի փոխտնօրեն Իգբալ Գուլիևը «Իզվեստիային» պատմել է գազի եվրոպական շուկայում մատակարարման սակավության պատճառների մասին: Նրա խոսքով, գազի եվրոպական շուկայի վրա կարող են ազդել ոչ միայն բնական և կլիմայական պայմանները, այլև Ռուսաստանից խողովակաշարով գազի մատակարարումների դադարեցումը։ Չնայած դրան, 2025 թվականի սկզբից նկատվում է Ռուսաստանի Դաշնությունից եվրոպական երկրներ հեղուկացված բնական գազի տարանցման ծավալների զգալի աճ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում