Ներկայիս իշխանությունները, ինչպես երևում է, շատ թեթև են վերաբերվում պետական պարտքի գոյությանը։ Ներկայացնելով միայն արտաքին պարտքի թիվը` կարծես ժողովրդին մոլորեցնելու և իրական պատկերն աղավաղելու փորձ է արվում. ավելորդ է նշել, որ պետական պարտքի բաղադրիչները միաժամանակ արտաքին ու ներքին պարտքերն են։ Իսկ պետական պարտքի ծավալների շարունակական աճը կարող է կործանարար լինել պետության համար։
Եվ, մեղմ ասած, ճիշտ չէ այս համատեքստում որպես օրինակ նշել Ճապոնիան, ԱՄՆ-ն։
Վերջիններս աշխարհի ֆինանսատնտեսական կենտրոններն են, որոնք ունեն բավական մեծ ներուժ պարտքի ներկայիս ծավալներին դիմակայելու համար։
Հայաստանի պարագայում իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Դրա մասին են վկայում պետական պարտքի վերջին տվյալները․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը մոտ է $13 մլրդ մակարդակին՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով շուրջ $274 մլն-ով։
Միևնույն ժամանակ, արտաքին պետական պարտքի ծավալները 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ հաստատվել են $6․5 մլրդ մակարդակում՝ նախորդ ամսվա համեմատ աճելով շուրջ $168 մլն-ով։
Ներքին պետական պարտքի ծավալները վերջին տարիներին «մեծ քայլերով» հասնում են արտաքին պետական պարտքի ծավալներին՝ 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ հաստատվելով $6․4 մլրդ մակարդակում. նախորդ ամսվա` նոյեմբերի համեմատ աճը կազմում է մոտ $98 մլն։
Իրականում որքա՞ն է կազմում ՀՀ պետական պարտքը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
- Կարող ենք փաստել, որ Հայաստանը 2024թ․ ամփոփել է պետական պարտքի ծավալների աճով, որը տեղի է ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքի ծավալների ավելացման հաշվին։
- Փաստենք նաև, որ 2024թ․ տնտեսությունում արձանագրված «փայլուն» արդյունքներին զուգահեռ ավելացել է նաև ՀՀ պետական պարտքի ծավալը։ Չմոռանանք նաև, որ 2024թ․ ՏԱՑ-ը էականորեն զիջում է 2023թ․ և 2022թ․ արձանագրված ՏԱՑ մակարդակներին։