Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատումից հետո չարտոնված և անորակ ասֆալտապատում է արվել. փոխքաղաքապետ

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ Ամիրյան, Քոչինյան և Զաքյան փողոցներն անցած տարի ամբողջությամբ ասֆալտապատվել էին, նաև միջին նորոգման աշխատանքներ էին կատարել, բայց նախորդ ամիս պարզվել է, որ տարածքում չարտոնված ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ են կատարվել, հավանաբար՝ գիշերային ժամերին: Չարտոնված լինելուց բացի՝ նաև անորակ աշխատանք է կատարվել:

««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործընկերներին խնդրեցի, որպեսզի իրականացնեն քանդման աշխատանքներ»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսուհետ նման դեպքեր արձանագրվելիս դիմելու են ոստիկանություն՝ պարզելու, թե ովքեր են համայնքային ունեցվածքը փչացնում:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ նման դեպք արձանագրվել է նաև Կոմիտասի պողոտայում, երբ գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել և ինչ ժամկետներում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց փոխքաղաքապետի գնահատականներին:

«Ե՛վ Զաքյան, և՛ Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտությունն այդտեղ, նամանավանդ՝ առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, գողեգող, և այդտեղ, այո՛, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով