«Ընդամենը կառավարության մեկ-երկու նիստ առաջ մենք քննարկում էինք գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման և ատեստավորման հարցերը: 2025-ի հունվարի մեկից աշխատողների բազային վարձատրությունը ավելացել է 100-ից 300% -ով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այն թվերը, որոնք գործում էին 2021-ին, նշանակում էին, որ գիտության ոլորտ որևէ մեկը մուտք չի գործի, այսօր մենք արդեն ունենք բավականին մրցունակ բազային ֆինանսավորում: Պլյուս մենք տալիս ենք բազմաթիվ դրամաշնորհների մասնակցելու, դրանցից օգտվելու հնարավորություն:
Մենք ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը, կներեք, շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը, հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Նրանք բազային ֆինանսավորում են ստանում, մի քանի դրամաշնորհ ունեն, դասախոսական աշխատավարձ են ստանում: Իհարկե, առավելապես այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են, բայց մենք պետք է նաև մղենք մեր հումանիտար և հասարակագիտական ոլորտի գիտությամբ զբաղված քաղաքացիներին էլ ավելի ակտիվ լինել միջազգայնացման և նաև իրենց հրապարակումները ունենալու ուղղությամբ, որպեսզի նրանք էլ կարողանան ատեստավորվեն և ունենան այս վարձատրությունը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում