Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՄՊՀ որոշումից։
Որքան էր կազմում նրա հոնորարը՝ փաստաթղթում չի նշվում։
«Դոպինգ Սփեյս» ընկերությունից տեղեկացրել են, որ մինչ համերգի չեղարկումը արդեն իսկ իրականացված են եղել մի շարք անվերադարձ ծախսեր, այդ թվում՝ արտիստի հոնորարը։ «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայումս մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է ետ ստանալ արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»,— նշված է ուսումնասիրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։
ՄՊՀ-ն որոշել է կարճել վարույթը, արձանագրելով, որ ԿԳՄՍՆ-ի կողմից համերգի կազմակերպումը արգելված պետական օժանդակություն չէ։
ՄՊՀ որոշման մեջ նշվում է, որ ԿԳՄՍՆ-ի ու «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արտիստի համերգը մինչև 2024 թվականի ավարտը կազմակերպվելու ուղղությամբ, սակայն կարող ենք արձանագրել, որ այս պայմանավորվածությունը չի պահպանվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում