Տիեզերական տնտեսությունը բուռն կերպով զարգանում է։ Այս գործընթացներից անմասն չէ նաև Հայաստանը, որն ունի իր սեփական արբանյակը տիեզերքում։ ԱՄՆ նախագահը հսկայական գումարներ է խոստացել հատկացնել Մարս մոլորակի «գրավման» համար։ Բացի այդ՝ բազմաթիվ երկրներ զբաղված են տիեզերական տարատեսակ նախագծերում, որոնց արդյունքները ոչ միայն կարևոր են մարդկության ապագայի, այլ նաև ներկայի համար։
2024թ․ դրությամբ տիեզերական տնտեսության մասշտաբները հասել են $596 մլրդ մակարդակին։ Կանխատեսումները վկայում են , որ մինչև 2035թ․ մասշտաբները կհատեն $1․8 տրլն -ի սահմանը։
Սակայն, հետաքրքիր է հասկանալ` ինչպես է ձևավորվում տիեզերական տնտեսությունը․
2024թ․ տիեզերական տնտեսությունն իրենից ներկայացնում է 3 հիմնական բաղադրիչների ամբողջություն։
- Առաջինը պատրաստի լուծումների արդյունքում ձևավորվող գումարներն են, որոնք 2024թ․ կազմել են շուրջ $308 մլրդ։ Այստեղ ներառված են տիեզերական այն մշակումները, որոնք անմիջապես օգտագործվում են մարդկային գործունեության տարբեր ոլորտներում։ Օրինակ, տիեզերական արբանյակներն ապահովում են տեղորոշման կայանների նորմալ աշխատանքը, կան մշակումներ, որոնք օգնում են ռազմական գործին։
Տիեզերքի հնարավորությունների օգտագործմամբ պատրաստի լուծումների մշակումները տարեց տարի զարգանում են՝ մեծ պահանջարկ վայելելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օգտագործման բնագավառներում։
- Տիեզերական տնտեսության երկրորդ բաղադրիչը տիեզերական շուկան է, որի ծավալները 2024թ․ կազմել են $224 մլրդ։ Այստեղ զգալի տեղ են զբաղեցնում արբանյակային ծառայությունները, տիեզերական տարբեր ապարատների, գործիքների և այլնի արտադրությունը, տիեզերանավերի և արբանյակների արձակումը, տիեզերքի հետ աշխատելու համար նախատեսված ենթակառուցվածքների ստեղծումը, տվյալների մշակումը և այլն։
- Երրորդ բաղադրիչը, որի ծավալները 2024թ․ կազմել են $64 մլրդ, տիեզերական կենտրոնների ծախսերն են, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների արդյունքները։