Եվրամիության էներգետիկ ճգնաժամի ֆոնին Բրյուսելը նախատեսում է առաջարկել գազի գների արտակարգ զսպման մեխանիզմ, եթե դրանք կրկին հասնեն չափազանց բարձր մակարդակի։
Ինչպես պլանավորել են իշխանությունները, գազի առավելագույն գինը պետք է սահմանվի հիմնվելով հոլանդական TTF հանգույցում առևտրի վրա, և այդ մեխանիզմը պետք է գործի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս գազ մատակարարողների պարագայում։
Նման մեխանիզմի նպատակն է ԵՄ-ին հնարավորություն ընձեռել միջամտելու առևտրին և գների սահմանափակմանը կտրուկ թռիչքների դեպքում՝ չվտանգելով մատակարարման անվտանգությունը և չխրախուսելով ավելորդ սպառում:
Նշենք նաև, որ ըստ փաստաթղթի, եթե գնային սահմանափակում մտցվի, ապա միայն երեք ամիս ժամկետով։
Նախագիծը պատրաստվել է հոկտեմբերի 20-21-ը նախատեսված ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովի նախօրեին, որտեղ նրանք կքննարկեն էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ուղիները։
Այնուամենայնիվ, գազի գնի վերին շեմի սահմանումը ԵՄ շատ անդամների մոտ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, Գերմանիան, որը բլոկում գազի շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունի, թերահավատորեն է վերաբերվում այդ գաղափարին։
Ի հավելումն գազի գների սահմանափակմանը, Եվրահանձնաժողովը կառաջարկի դիտարկել էներգակիրների ածանցյալների շուկաներում անկայունությունը սահմանափակելու միջոցառումներ, ինչպես նաև հեղուկացված բնական գազի (LNG) նոր գնային հենանիշ ստեղծելու երկարաժամկետ նախագիծ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում