Պանամայի ջրանցքի իշխանությունները հերքել են ԱՄՆ Պետդեպարտամենտի այն պնդումը, որ ԱՄՆ կառավարական նավերը կկարողանան առանց վճարների անցնել ջրանցքը, գրում է Reuters-ը:
Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Պանամայի իշխանությունները չեղարկել են Պանամայի ջրանցքով ԱՄՆ-ին պատկանող նավերի անցման վճարները՝ ընդգծելով, որ սրա շնորհիվ ԱՄՆ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ կխնայի:
Ջրանցքը վերահսկող ինքնավար գործակալությունը, որն իր հերթին վերահսկում է Պանամայի կառավարությունը, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որևէ փոփոխություն չի կատարվել ջրանցքով անցնելու համար վճարների գանձման և իրավունքների հարցերում՝ հավելելով, որ իր հայտարարությունն ուղիղ պատասխան է ԱՄՆ-ի պնդումներին:
Հունվարի 20-ին իր երդմնակալության խոսքում Դոնալդ Թրամփը Պանամայի իշխանություններից պահանջել էր նվազեցնել տարանցիկ վճարները Պանամայի ջրանցքով ամերիկյան ռազմական և առևտրային նավերի անցման համար։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, Պանաման ստիպված կլինի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին։ Նա նաև բողոքել էր, որ Պանաման «խախտել է» չեզոք մնալու խոստումը` պնդելով, որ «Չինաստանը շահագործում է Պանամայի ջրանցքը»: Երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել էր, որ զիջումների չի գնա Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման համար վճարների նվազեցման հարցում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում