Ուսումնասիրենք ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից արտերկիր կատարված փոխանցումների ծավալները 2024թ․։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում մեր հայրենակիցների մի մասը մեծ կախվածություն ունի արտերկրի փոխանցումներից։ Նկատենք, որ ՀՀ ԿԲ կողմից այս փոխանցումների մեջ տարբերակում են ոչ առևտրային փոխանցումները։ ԿԲ մեթոդաբանության համաձայն՝ Ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում՝
- հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները.
- աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում:
Ներկայացվող վիճակագրական տվյալները ներառում են նաև ֆինանսական միջոցների փոխանցումը Հայաստանից։
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
Ներկայացնենք փոխանցումների ծավալի վերաբերյալ վիճակագրությունը ստորև բերված գծապատակերի օգնությամբ․
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2024թ․ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալը կազմել է $5․8 մլրդ: Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 2%-ով։ ՀՀ փոխանցված գումարների ծավալում ոչ առևտրային փոխանցումների ծավալի մասնաբաժինը կազմել է 17%։ ՀՀ փոխանցված ոչ առևտրային փոխանցումների ծավալը 2024թ․ 2023թ․ համեմատ նվազել է 23%-ով։ 2024թ․ ՀՀ փոխանցված գումարների մոտ 66%-ը ստացվել է Ռուսաստանից, 12%-ը՝ ԱՄՆ-ից և 2․2%-ը՝ Շվեյցարիայից։
Մյուս կողմից, ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների ծավալը 2024թ․ կազմել է $4․3 մլրդ, որը 2023թ․ համեմատ աճել է 7%-ով։ Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանից փոխանցված գումարների ծավալների աճը 2024թ․ 2023թ․ համեմատ ավելի բարձր է, քան դեպի Հայաստան փոխանցումների ծավալների աճը։
Վերադառնալով ՀՀ-ից արտերկիր փոխանցումներին՝ նշենք, որ այդ փոխանցումների մեջ ոչ առևտրային փոխանցումների մասնաբաժինը 2024թ․ կազմել է 10%։ ՀՀ-ից ոչ առևտրային փոխանցումների ծավալը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 1%։
ՀՀ-ից գումարները հիմնականում փոխանցվել են ԱՄԷ, որի մասնաբաժինը ՀՀ-ից ընդհանուր փոխանցումներում 2024թ․ կազմել է 20%, դեպի ՌԴ՝ 16% և դեպի ԱՄՆ՝ 14%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում