ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմը. Ի՞նչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Թրամփի վարած տնտեսական պատերազմները շարունակում են խառնաշփոթ իրավիճակ ստեղծել։ Փաստացի, Թրամփը, կիրառելով տարիֆային պատերազմներ, կարողանում է իրագործել իր առջև դրված նպատակները։ Մասնավորապես, Պանամայի վրա ճնշումների ֆոնին հնարավոր եղավ վատթարացնել Պանամա-Չինաստան ռազմավարական գործընկերությունը, քանի որ Թրամփի վարչակազմի կտրուկ քայլերի արդյունքում Պանաման մի քանի օրում հետքայլ արեց։

Նույնը նկատվում է Մեքսիկայի և Կանադայի պարագայում։ Փաստորեն, Թրամփը, օգտագործելով տարիֆային կտրուկ ճնշումների ռազմավարությունը, հասնում է իր նպատակներին, ապա չեղարկում այդ սահմանափակումները։

Նույն կերպ Թրամփը փորձելու է հասնել իր նպատակներին ԵՄ հետ հարաբերություններում, որի պարագայում սահմանվելու է 10% մաքսատուրք ԱՄՆ ներկրվող ապրանքների նկատմամբ։ Այստեղ հարկավոր է նշել ԱՄՆ ներկայիս քաղաքականության պատճառներից մեկը։ Մասնավորապես, Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ի և հիմնական առևտրային գործընկերների միջև առևտուրը խիստ ոչ բալանսավորված է՝ ի օգուտ ԱՄՆ առևտրային գործընկերների, և այս պատկերն այլևս ձեռնտու չէ ԱՄՆ-ի համար։


Թրամփի տնտեսական պատերազմը անմիջական հարևանների հետ. Որքա՞ն են կազմում Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ ներմուծման ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Դիտարկենք պատկերը ԵՄ-ԱՄՆ առևտրային հարաբերությունների համատեքստում․

Ինչպես տեսնում ենք գծապատկերում, դեռևս 2000թ․ ԵՄ-ԱՄՆ առևտրաշրջանառության ծավալները կազմում էին €347 մլրդ։ Ընդ որում՝ առևտրի հաշվեկիռը կազմել է €33 մլրդ՝ ի օգուտ ԵՄ։ Այսինքն, ԵՄ-ն ավելի շատ արտահանել է, քան ներմուծել է ապրանքներ ԱՄՆ-ից։

Արդեն 2024թ․ ԵՄ-ԱՄՆ առևտուրաշրջանառության ծավալները հասել են €851 մլրդ՝ գերազանցելով 2000թ․ մակարդակը 2․5 անգամ։ Միևնույն ժամանակ առևտրի հաշվեկշիռը, որը կազմել է €163 մլրդ, խիստ ոչ բալանսավորված է ի օգուտ ԵՄ։ Մասնավորապես, 2024թ․ ԵՄ-ն ԱՄՆ է արտահանել €507 մլրդ արտադրանք, սակայն ներմուծել է €344 մլրդ արտադրանք։

Փաստենք, որ Թրամփի տնտեսական քաղաքականության մեջ կա տրամաբանություն, որի նպատակն է նվազեցնել առևտրային անհավասարությունը հիմնական առևտրային գործընկերների հետ։ Սակայն, մյուս կողմից, պետք է շատ զգույշ գործել, որովհետև տարիներ շարունակ ձևավորված տնտեսական կապերի թուլացումը կարող է անակնկալի բերել ԱՄՆ-ին՝ կտրուկ նպաստելով ԱՄՆ-ում և՛ գների աճին, և՛ գործազրկությանը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով