Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։
Համայնքային ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։
Քաղաքացին գնացքի միջից սեղմել է «վթարային կանգառ» բռնակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը: