Wildberries-ի տեղեկատվական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել զգուշացնելով Հայաստանում համացանցայինառևտրի ոլորտում այս պահին ակտիվացած խարդախությունների վերաբերյալ։
Ընկերությունը զգուշացնելով հայաստանյան հաճախորդներին՝ մատնանշել է խարդախության դրսևորման տարբերակները։
Խարդախության հավանական դրսևորման հիմնական նշաններից է անսպասելի հաղորդագրությունը: Մեսենջերով իբր Wildberries-ի անունից տեղեկացնում են անսպասելի մրցանակներ շահելու մասին՝ հորդորելով անհապաղ հետևել հղմանը և տրամադրել անձնական տվյալներ:
Wildberries-ը հայտարարում է, որ իր բոլոր ակցիաների և դրանց պայմանների մասին ամբողջական տեղեկությունը միշտ հասանելի է ընկերության պաշտոնական հարթակներում:
Երկրորդը, ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, հաղորդագրության ոչ անձնական բնույթն է: Ֆիշինգային հաղորդագրություններն ուղարկվում են համատարած և ուղեկցվում են «Թանկագին օգտատեր», «Հարգելի հաճախորդ» արտահայտություններով կամ դրանց իսպառ բացակայությամբ:
«Հիշեք՝ Wildberries-ի աշխատակիցները երբեք չեն խնդրում անձնական տվյալներ և չեն ուղարկում ակցիային մասնակցելու կամ դրանում հաղթելու մասին հաղորդագրություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երրորդ նշանը կեղծ հղումներն են: Ֆիշինգային հղումները հաճախ նման են իրականներին, բայց պարունակում են սխալներ կամ լրացուցիչ նիշեր հայտնի բառերում (օրինակ՝ wildberries.ru-ի փոխարեն նշվում է wilbberries.ru):
Կարևոր է՝ նախքան հղման վրա սեղմելը ստուգել դրա (URL) ճիշտ ուղղագրությունը:
Չորրորդը վնասակար հավելվածներն են:
Հիշեք, որ տվյալների գողության համար խարդախները կարող են օգտագործել հավելվածներում ներառված վիրուսներ: Երբեք մի բացեք անհայտ օգտատերից ստացած ֆայլերը: Խարդախության հինգերորդ նշանը սխալ լոգոներն են, տեքստում և դիզայնում թույլ տրված անփութությունը:
Ֆիշինգային կայքերը հաճախ կրկնօրինակում են հայտնի ընկերությունների դիզայնը, սակայն փոքր մանրուքներ կարող են տարբերվել: Օրինակ, հաղորդագրությունում կարող է միասին գրված լինել «մուտքագրեք գաղտնաբառը» արտահայտությունը: Սա անվտանգության ֆիլտրերը շրջանցելու հնարք է: Ուշադրություն դարձրեք լոգոների որակին, դրանցում ձևավորման և քերականական սխալների առկայությանը, ինչը խաբեության իրական նշան է:
«Իսկ ինչո՞ւմն է խաբեությունը: Եթե հետևեք հղմանը՝ ձեզ կխնդրեն մուտքագրել բանկային քարտի տվյալները՝ իբր շահումը փոխանցելու համար: Դրան կհետևի «միջնորդավճար» կատարելու պահանջը, որն իբր անհրաժեշտ է ձեր շահումը համապատասխան տարադրամի վերածելու համար: Արդյունքում՝ կկորցնեք ձեր տվյալները և գումարը: Կասկածներ ունենալու դեպքում Wildberries-ի պաշտոնական կայքում կամ հավելվածում առկա գործիքի միջոցով անհապաղ կապվեք աջակցության ծառայության հետ»,— ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում